Անկարայի ապրիլքսանչորսյան ուղերձները ուղղվել են Վաշինգտոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ապրիլի 24-ի կապակցությամբ Կ․ Պոլսի հայոց պատրիարքին հղած նամակում ասել էր․ 
 
«Աշխարհի ժողովուրդներին մեծ դառնություն պատճառած Առաջին աշխարհամարտի ծանրագույն պայմաններում մահացած օսմանյան հայերի հիշատակը հարգում եմ, նրանց թոռներին սրտանց ցավակցություններս եմ հղում:
 
Ցավալի այս ժամանակաշրջանում մահացած օսմանյան բոլոր քաղաքացիների հոգիների համար Ալլահից հանգստությունեմ խնդրում»: 
 
Նամակում Թուրքիայի նախագահը խոսում է նաև «հայտնի շրջանակների մասին», որոնք թշնամություն են սերմանում։ 
 
Առաջին հայացքից այստեղ որևէ նորություն չի նշմարվում, համեմատած՝ 2014-ի Էրդողանի հրապարակած ցավակցագրին։ Ընդհանուր ցավի տեսությունը գերակա է՝ ստվերելու համար Հայոց ցեղասպանության քաղաքական կանխամտածված ու ծրագրավորված լինելու պատմական փաստը։ Այս վարքագծի առանցքն այն է, որ բոլոր օսմանցիներն են տուժել առաջին աշխարհամարտի իրադարձություններում, ի շարս այլ ազգաբնակչությունների, ընդ որում՝ թուրքերի նաև հայերի։
 
Անկարայից իհարկե տարբեր առիթներով պաշտոնապես հնչել են նաև այլ տեսակետներ․ նույնպես ամենաբարձր դիրքերից․ այն է՝ թե քրիստոնյա հայերը բնաջնջել են մուսուլման թուրքերին, ռուսների աջակցությամբ։ Բայց դա այն պահին է, երբ լարվել են Անկարա-Մոսկվա հարաբերությունները։ Այժմ վերադարձ է դասական թեզերին։ Եվ թվում է, թե ուղերձը թշնամանք սերմանելու առումով ուղղված է հիմնականում ԱՄՆ-ին։
 
Մի երանգային տարբերություն ևս։ Թուրքիայի վարչակարգը նախընտրում է հայությանը վերաբերող ուղերձները հղել Կ․ Պոլսի հայոց պատրիարքին միջոցով։ Ոչ միայն այս դեպքում, այլ ընդհանրապես․ անգամ Երևանին ուղղված ուղերձները պատրիարքին են հղվում։ Խոսքը վերաբերում է Հայաստանին իբրև թե տրամադրելի օժանդակությանը կորոնավիրուսի ճգնաժամային պայմաններում։
 
Թուրքական թեզերի վերաբանաձևում է արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։ Այստեղ արդեն հայ և թուրք ժողովուրդների միջև թշնամանք հրահրողներին ուղղված առանցքներ են նկատվում։ Եվ դա կարելի է ասել հիմնական պատգամն է թե՛ նախագահի և թե՛ իր գլխավոր խորհրդականի ուղերձներում։
 
«Բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե ցեղասպանության վերաբերյալ ստերով և քաղաքական պլաններով Ցեղասպանության թեման շահարկվում է և լոբբինգ է արվում որոշ խմբերի կողմից, որոնք, լինելով հակաթուրքական քաղաքական շրջանակներ, նենգափոխում և խեղաթյուրում են պատմական փաստերը՝ փորձելով թշնամություն սերմանել երկու ժողովրդների միջև». այս միտքը մի քանի ասելաձևերով տեղ է գտել գլխավոր խորհրդականի հայտարարությունում։
 
Քալընը չի մոռացել վերհիշեցնել, որ առաջին համաշխարհային պատերազմում ռուսների կողմն անցած հայերի վերաբնակեցումը պատճառ է դարձել բազմաթիվ հայերի զոհվելուն։
 
Ստացվում է, որ պատմական առումով ռուսական գործոնը շահարկել է հայերին, հիմա էլ ամերիկյան քաղաքական միջավայրերում ցեղասպանության թեման շահարկվում է հայ և թուրք ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու համար։ 
 
Ժամանակի անմիջականության առումով խոսքը առավելաբար Վաշինգտոնին է ուղղված՝ թե՛ Ներկայացուցիչների տան և թե՛ Սենատի որոշումները նկատի ունենալով․ չմոռանանք նաև կոշտ արձագանքը ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին ի պատասխան։
 
Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլքսանչորսյան ուղերձ չի հնչել։ Դա միանշանակ չի մեկնաբանվում, այդուհանդերձ Մոսկվա-Անկարա հարաբերությունների ներկա զսպվածությունը անպայման իր ազդեցությունը ունի այդ երեւույթի վրա։
 
Անկարայի ուղերձների ուղղվածությունը դեպի Վաշինգտոն է տեսանելիորեն։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր