ԱՄՆ-ը մեղադրում է թուրքական «Հալք» բանկին՝ Իրանին միլիարդավոր դոլարների ապօրինի փոխանցումների համար

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
«Հալք» բանկը, որի մեծամասնական բաժնետերը Թուրքիայի կառավարությունն է, 2020 թ․ մարտի 31-ին Նյու Յորքում իրեն մեղավոր չի ճանաչել քրեական մեղադրանքներով, որ նա  օգնել է Իրանին տասնյակ միլիարդավոր դոլարներ և ոսկի ապօրինաբար փոխանցելու համար, գրել են Այքան Էրդեմիրը և Ֆիլիպ Կովալսկին մի հոդվածում, որն ապրիլի 3-ին հրապարակվել է Վաշինգտոնում գործող քաղաքականության ինստիտուտի՝ Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի կողմից։
 
2019 թ․ հոկտեմբերի 15-ին Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանը «Հալք» բանկին մեղադրեց «խարդախության, փողերի լվացման և պատժամիջոցների խախտումների համար», պնդելով, որ «Հալք» բանկը և նրա ղեկավարները օժանդակել են ոսկու վաճառքով զբաղվող թուրք-իրանցի Ռեզա Զառաբին՝ «բազմամիլիարդ դոլարների» հնարքով շրջանցելու Միացյալ Նահանգների պատժամիջոցներն ընդդեմ Իրանի»։
 
Սկզբում «Հալք» բանկը հրաժարվեց ներկայանալ դատարան՝ «պնդելով, որ քրեական մեղադրանքները դուրս են Միացյալ Նահանգների դատարանի իրավասությունից», գրել են Էրդեմիրն ու Կովալսկին, սակայն, երբ «դատախազներն առաջարկեցին ավելացնել տուգանքը դատարանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համար, որը կարող էր կազմել 1․8 միլիարդ դոլար ութ շաբաթ անց», բանկը համաձայնեց պատասխանել դատական հայցերին:
 
Սկզբում թուրք և իրանցի պաշտոնյաները հնարք էին մշակել գազը ոսկով փոխանակելու համար՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով, պնդելով, որ ոսկին ուղղվում է ոչ թե իրանական պետական կառավարման մարմիններին, այլև Իրանի «մասնավոր հատվածին»: Էրդեմիրն ու Կովալսկին հայտարարել են, որ «վերջին հաշվով, այդ հնարքը իրանական վարչակարգին բերեց մոտ 13 միլիարդ դոլարի թուրքական ոսկի 2012-2013 թվականների ընթացքում: Երբ  2013 թ․ ԱՄՆ-ը փակեց «ոսկու սողանցքը», Իրանն օգտագործեց թուրքական կեղծ ընկերությունները՝ սննդամթերքի և դեղամիջոցների կեղծ գործարքների վերաբերյալ հաշիվներ ներկայացնելով, որոնք որպես մարդասիրական օգնություն դուրս էին մնում ԱՄՆ պատժամիջոցներից։ Գերհաշվարկի մեկ այլ տխրահռչակ գործով, Թուրքիայում տեղակայված շքեղ զբոսանավերի ընկերությունը օգտագործել է «Հալք» բանկը մոտ 5․2 տոննա շագանակագույն շաքարավազի վաճառքի համար Իրանի «Փասարգադ» բանկին՝ մոտավորապես 240 դոլար մեկ ֆունտի (0․45 կգ) դիմաց»։ 
 
Այս հնարքն առաջին անգամ 2013 թ․ դեկտեմբերին բացահայտեցին թուրք քննիչները, որոնք ամբաստանել էին այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նրա մի շարք նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ «Հալք» բանկի կառավարիչներին։ Էրդողանը փակեց հետաքննությունը՝ հեռացնելով ոստիկանության պաշտոնյաներին, դատախազներին և դատավորներին․․․
 
Սկանդալը կրկին ծագեց 2016 թ․ մարտին, երբ թուրք-իրանցի պարագլուխ Ռեզա Զառաբը ձերբակալվեց Մայամիում, երբ իր ընտանիքի հետ մեկնել էր Ֆլորիդա՝ Դիսնեյի աշխարհ այցելելու համար։
 
2017 թ․ մարտին, ԱՄՆ իշխանությունները ձերբակալեցին «Հալք» բանկի գործադիր տնօրենի տեղակալ Մեհմեթ Հաքան Աթիլլային՝ Նյու Յորք ժամանելուն պես։  Զառաբն իրեն մեղավոր ճանաչեց և համաձայնեց դատարանում ցուցմունք տալ Աթիլլայի դեմ։ Զառաբը խոստովանեց, որ կաշառք է տվել Թուրքիայի բարձրաստիճան նախարարներին և «Հալք» բանկի բարձրաստիճան պաշտոնյաներին: Նա նույնիսկ Էրդողանին ներքաշեց կոռուպցիոն հնարքի մեջ՝ հայտարարելով, որ Էրդողանն անձամբ է հաստատել ապօրինի գործողությունները։
 
- 2018 թ․ մայիսին «Հալք» բանկի Աթիլլան դատապարտվեց  32-ամսյա բանտարկության, ինչը զգալիորեն ավելի կարճ էր, քան նախկինում պահանջել էին դատախազները,- գրել են Էրդեմիրն ու Կովալսկին:- Աթիլլայի Թուրքիա վերադարձից հետո, Էրդողանը պատժամիջոցները խախտողին պարգևատրեց՝ նրան նշանակելով Ստամբուլի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն՝ հետևելով նախագահի հաստատած ձևին՝ հատուցելով Զառաբի այլ ավագ հանցակիցներին շահավետ նշանակումներով։ 
 
Էրդողանն անձամբ դիմեց նախագահ Թրամփին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ արգելափակելու «Հալք» բանկի դեմ դատական գործը, պնդելով, որ ԱՄՆ դատարանները իրավունք չունեն դատել Թուրքիայի քաղաքացիներին:
 
Courthouse-ի լրատվական ծառայությունից հայտնել են, որ «Զառաբի կեղծ ընկերություններից մեկը՝ Royal Holding A.S.-ը, որպես իր հասցե նշել է Ստամբուլում Թրամփի աշտարակների 35-րդ հարկաբաժինը։ Նախքան փողերի լվացման, պատժամիջոցների շրջանցման և կաշառակերության համար մեղավոր ճանաչվելը, Զառաբը վարձել էր Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին՝ ստվերային դիվանագիտության քարոզարշավը ղեկավարելու համար, որը կրկնվեց Ուկրաինայում։ Երթևեկելով Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի և Սպիտակ տան միջև, Ջուլիանին հանդիպեց Էրդողանի, Թրամփի, նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ՝ փորձելով բանակցել բանտարկյալների փոխանակման շուրջ: «Նյու Յորք թայմսը» հաղորդեց, որ Թիլերսոնը դիմադրել է գործարքի համար Սպիտակ տան ճնշմանը, ինչը փաստացի կհանգեցներ Զառաբի գործի կարճմանը։
 
Էրդողանի և Ջուլիանիի ջանքերի շնորհիվ հաջողվեց դատաքննությունը կանգնեցնել գրեթե երկու տարի, սակայն այն, ի վերջո, ձախողվեց, երբ անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի դատախազությունը Նյու Յորքի Հարավային շրջանում մեղադրանքներ առաջադրեց։
 
Սենատի ֆինանսների հարցով հանձնաժողովի գլխավոր դեմոկրատ սենատոր Ռոն Վայդենն ասաց Courthouse-ի լրատվական ծառայությանը․ «Ըստ ամենայնի, Դոնալդ Թրամփը կատարում էր Էրդողանի և Ջուլիանիի հրամանը, իսկապես հարցեր կային այն մասին, թե արդյոք սա «Հալք» բանկը փրկելու մասին էր, չնայած կային մեղադրանքներ, որ նրանք ղեկավարել էին պատմության մեջ պատժամիջոցներից խուսափելու ամենամեծ հնարքը»:
 
2020 թ․ սկզբում Սենատում նախագահ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի ժամանակ, սենատորներ Վայդենը, Ռոբերտ Մենենդեսը և Շերոդ Բրաունը համատեղ հարց ուղղեցին, որը Սենատում բարձրաձայն ընթերցեց գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտսը․
 
- Արդյոք նախագահն  այնպիսի վարքագի՞ծ է դրսևորել, որով իր անձնական ու քաղաքական շահերը վեր է դասել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից։
 
Վայդենն ասել է Courthouse լրատվական ծառայությանը․ «Դոնալդ Թրամփը զգալի ֆինանսական հետաքրքրություններ ունի Թուրքիայում», նկատի ունենալով Ստամբուլում գտնվող Թրամփի աշտարակները: «Մենք պարբերաբար կարդում ենք, որ նրա ընտանիքը անձնական հարաբերություններ է հաստատել թուրք կարևոր պաշտոնյաների հետ: Եվ այսպես, դուք պետք է հարցնեք, որն է մեր հետաքննության մասը՝ արդյոք Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ նշանակալի ձևով երանգավորված է իր անձնական և քաղաքական շահերով և ոչ թե երկրի ազգային անվտանգությամբ»:
 
Եթե «Հալք» բանկը մեղավոր ճանաչվի Միացյալ Նահանգների պատժամիջոցները խախտելու համար, ապա դատարանը կարող է խոշոր տուգանք սահմանել՝ անկախ նախագահ Թրամփի ցանկություններից: 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի