Զենքի վաճառքից ամենամեծ օգուտն ստանում են ԱՄՆ-ում, երկրորդն այսուհետ ՌԴ-ն է

Աշխարհի հիմնախնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի ինստիտուտը ամփոփել է անցած տարվա զենքի վաճառքի տվյալները՝ երևան հանելով այն երկրները, որոնք ավելի շատ զենք են վաճառել կամ այդ ոլորտում ավելի են աշխուժացել:
 
Եվ այսպես, 2017թ. զենք արտադրողները շարունակել են ավելացնել վաճառքի ծավալները: Ռուսաստանի պաշտպանական ընկերությունները վերելք են ապրել՝ հետ մղելով Մեծ Բրիտանիային և նրա փոխարեն զբաղեցնելով երկրորդ տեղը: Իսկ առաջին տեղում վերջին տարիներին միշտ Միացյալ Նահանգների զենքարտադրողներն են:
 
Ըստ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ-ին բաժին է հասնում աշխարհում արտադրվող զենքի 57%-ը (226,6 մլրդ դոլարի): Այնտեղ զենքի ամենախոշոր արտադրողներն են Lockheed Martin-ն ու Boeing-ը, որոնց վաճառքի ընդհանուր ծավալը 2017թ. եղել է 18 մլրդ դոլար: 2002թ. այս կողմ երկրորդ տեղում անփոփոխ կերպով եղել է Մեծ Բրիտանիան, իսկ 2017թ. դիրքերը զիջել է մեկ տեղով: Եվրամիության հրաժեշտ տալ պատրաստվող այս պետությունն էլ արտադրում է աշխարհի զենքի 9%-ը: Այս ցուցակի երկրորդ տեղում այժմ Ռուսաստանն է, քանի որ ռուսական 10 ընկերությունների զենքի արտադրության ընդհանուր բաժինը կազմել է 9,5% (37,7 մլրդ դոլար):
 
Որպես նշանակալի իրադարձություն՝ ստոկհոլմյան ինստիտուտն առանձնացրել է թուրքական ընկերությունների վաճառքի ծավալների աճը: Դա նշանակում է՝ Թուքիան ձգտում է զարգացնել սեփական ռազմական արդյունաբերությունը: Զեկույցի հեղինակները նաև նշել են, որ ավելացել են հնդկական զենքարտադրողների վաճառքի ծավալները:
 
Հնարավոր չէ, որ աշխարհում անվերջ աճի զենքի արտադրություննն ու վաճառքը, բայց պատերազմները բացառվեն: Ինչո՞ւ պետք է մոլորակում խաղաղության ձգտեն մահաբեր «ապրանքի» ծավալներն անվերջ ավելացնողները, երբ կարող են միլիարդներ վաստակել՝ թեկուզ մահ ու ավերածություն սփռելով: Չէ՞ որ յուրաքանչյուր արտադրող վստահ է՝ ֆինանսներն իր գրպանն են հոսելու, իսկ պայթյունների ու ավերակների զոհեր դառնալու են ուրիշները...
 
Նույն Ամերիկայի բնիկները կյանքը չէին պատկերացնում առանց մարդկային զոհաբերությունների: Իսկ որպեսզի կրոնական բազմաթիվ ծեսերի համար «մարդկային հումք» հայթայթեին, տեղի թագավորիկներն իրար պատերազմ էին հայտարարում, որպեսզի գերիներին զոհասեղան բարձրացնեին: Միայն թե հնդկացիների պաշտած աստվածներն իրենց երկրպագուների համար դրախտ չապահովեցին: Իսկ թե դեպի ուր են տանում աշխարհը հանուն սեփական տաք գրպանի պատերազմներ հրահրող գերտերությունները, երևի շուտով կերևա: Բայց այսօրվա 7 միլիարդից քանի՞ մարդ դա կտեսնի...