Միջազգային արձագանքը Դոնբասի «ընտրություններին»

Ռուսաստանի կողմից հովանավորվող երկու անջատողական հանրապետություններում տեղի ունեցած «ընտրություններում», ըստ նախնական տվյալների, հաղթել են գործող ղեկավարները, մասնավորապես, «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում»՝ Դենիս Պուշիլինը, իսկ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում»՝ Լեոնիդ Պասեչնիկովը:
Ռուսական կողմի դիրքորոշմամբ, ինքնահռչակ հանրապետություններում ընտրությունների անցկացումը անհրաժեշտ էր այդ տարածքների բնականոն գոյությունն ապահովելու համար: Դոնեցկի նախկին ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, ինչպես հայտնի է, սպանվել էր սույն թվականի օգոստոսին, իսկ Լուգանսկի ղեկավար Իգոր Պլոտնիցկին լքել է Ուկրաինան և հրաժարվել իր լիազորություններից: Այս տեսակետը, փաստացի, հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Դոնեցկն ու Լուգանսկը ստիպված են ինքնակազմակերպվել:
Ի տարբերություն ռուսական կողմի, սակայն, կիրակի օրը տեղի ունեցած «ընտրությունները» դատապարտվել են գրեթե բոլոր շահագրգիռ ուժերի կողմից: Այսպես, ընտրությունների անցկացումն անընդունելի է համարել և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն իր աջակցությունը հայտնել Եվրամիությունը: ԵՄ-ն նշել է, որ այդ ընտրությունները խախտում են միջազգային իրավունքը և ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մինսկյան պայմանավորվածությունները: Մինսկի պայմանավորվածությունների խախտման մասին է հայտնել նաև ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը: Վերջինս նշել է, որ ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ, և մեղադրել է Ռուսաստանին Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ: Ընտրությունների անցկացումը դատապարտել է նաև Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը:
ՆԱՏՕ-ն, դատապարտելով Ուկրաինայի արևելքում ընտրությունների անցկացումը, կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել իր զորքերն այդ տարածքից և դադարեցնել Դոնեցկում և Լուգանսկում գրոհայիններին ցուցաբերվող աջակցությունը:
Ընտրությունների կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Էնցո Մաովերի Միլանեզին: Վերջինս նշել է, որ ընտրությունների անցկացումը հակասել է Մինսկի պայմանավորվածություններին:
Ընտրությունները դատապարտել են եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ռումինիան, Շվեդիան, Նորվեգիան, Չեխիան, Ֆինլանդիան և այլն: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ եռակողմ բանակցությունների ընթացքում Դոնեցկում ու Լուգանսկում տեղի ունեցած ընտրությունները դատապարտել են նաև Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ընտրությունները դատապարտել են նաև Կանադան և Ճապոնիան:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «Ռուսաստանի կողմից բռնազավթված Դոնբասում» անցկացված ընտրություններն անվանել է կեղծ՝ fake, և կոչ արել չմասնակցել դրանց: Նա նշել է, որ ընտրությունները չեն ճանաչվելու ոչ մեկի կողմից և հանդիսանալու են Մինսկի պայմանավորվածությունների կոպտագույն խախտում:
Ընտրությունները, ինչ խոսք, չեն ճանաչվել որևէ երկրի կամ միջազգային կառույցի կողմից: Սա, թերևս, լավագույն կերպով ցուցադրում է այն քաղաքականության անհեռանկարայնությունը, որը ներկայում որդեգրել և իրականացնում է Ռուսաստանը: Հարկ է նկատել, որ միջազգային արձագանքում որևէ խոսք անգամ չկա ինքնակառավարման կամ ինքնիշխանության, կողմնորոշվելու, ընտրելու իրավունքի մասին, այլ միայն խախտումների արձաանագրություններ ու մեղադրանքներ են: Սա լավագույնս ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը, համենայն դեպս Դոնբասի հարցում, ժամանակ չի ծախսում կեղծիքների վրա, իսկ Ռուսաստանի վարած քաղաքականությունն ընդամենը հանգեցնում է է՛լ ավելի մարգինալացման:
Վահե ՂՈւԿԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»