Թրամփի կարծիքով՝ Եվրամիությանը վստահելն ԱՄՆ-ի կողմից հիմարություն է եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկյան աշխարհամասում Միացյալ Նահանգների նկատմամբ ոչ մի պետություն իրեն այնքան թշնամաբար չի պահում, որքան դա նկատվում է Եվրոպական միությունում: Այդ մասին նա խոսել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
 
- Ո՞վ է դաշնակիցը: Մենք հիանալի հարաբերություններ ունենք շատերի հետ: Սակայն ոչ մեկը մեր նկատմամբ իրեն այնքան վատ չի պահում, որքան դա անում է Եվրոպական միությունը: Եվրոպական միությունը ստեղծվել է նրա համար, որպեսզի մեզ օգտագործի առևտրի ոլորտում, և հենց դա էլ նրանք արել են,- հայտարարել է Թրամփը: 
 
Հաղորդավարուհին նկատել է, թե նման հայտարարությունը թշնամական երանգ ունի: 
 
- Գիտե՞ք՝ որն է թշնամականը: Այն, թե ինչպես են նրանք իրենց պահում մեր նկատմամբ: Այդ մենք չենք թշնամական… Երկար տարիներ հենց մենք ենք եղել հիմար երկրի կարգավիճակում,- պատասխանել է ԱՄՆ նախագահը: 
 
Մարտին, պատճառաբանելով սեփական «ազգային անվտանդության» շահերը, Միացյալ Նահանգները մաքսատուրքեր սահմանեց եվրոպական ալյումինումի և պողպատի ներմուծման վրա: Մի՞թե Թրամփի համար զարմանալի է, որ ի պատասխան՝ Բրյուսելը լրացուցիչ մաքսատուրքեր սահմանեց մի անբողջ շարք ամերիկյան ապրանքների ներմուծման վրա: Բայց սա դեռ քիչ է. Եվրամիությունը Միացյալ Նահանգների «դեմ դուրս եկավ» մեկ այլ շատ կարևոր հարցում: Երբ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու և այդ պետության նկատմամբ խիստ պատժամիջոցները վերկանգնելու մտադրության մասին, Եվրամիությունում խոստացան արգելափակել պատժամիջոցների գործողությունները՝ դա էլ պատճառաբանելով եվրոպական ընկերություններին պաշտպանելու անհրաժեշտությամբ: 
 
Երևում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնակիցներ ասելով՝ նկատի ունի խոնարհ կամակատարների, որոնք առանց առարկության հնազանդորեն կընդունեն իր բոլոր պարտադրանքները: Բայց ի՞նչ անես, որ իրենց հողում հազարամյակների մշակույթ ստեղծած պետությունները որոշել են սեփական շահը նրան չզոհաբերել: Իսկ այս առևտրային պատերազմում հաղթող կլինի՞, թե՞ ոչ՝ դժվար է գուշակել, պարզ է մեկ բան՝ տուժող շատերն են լինելու: