Լեհաստանը որոշել է «աշխարհին հասցնել ճշմարտությունը» Հոլոքոստի մասին

Լեհերին մինչև օրս հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ հիտլերյան Գերմանիան Երկրորդ աշխարհամարտի տարիներին համակենտրոնացման ճամբարներ է տեղակայել Լեհաստանի տարածքում: Խնդիրն այն է, որ շատերը պետությանը մեղադրում են նացիստների հետ համագործակցելու, իսկ որոշ լեհերի` մարդկանց ոչնչացման գործին անձամբ մասնակցելու համար: Լեհաստանում այլ հիշողություններ են պահպանվել, և ուրիշ կարծիքներ են տիրապետող:

Այս գարնանը Լեհաստանում ընդունվել էր մի օրենք, որի կետերից մեկը երեք տարվա բանտարկություն էր նախատեսում նրանց համար, ովքեր հրապարակային հայտարարությամբ Լեհաստանին կամ լեհ ժողովրդին պատասխանատու կհամարեին Հոլոքոստի հանցագործությունների համար: Բայց քանի որ օրենքի այս կետը միջազգային քննադատության ալիք բարձրացրեց (հատկապես Իսրայելի և Ուկրաինայի կողմից), հունիսին այն հանվեց:
Այնուամենայնիվ, Լեհաստանում համոզված են, որ աշխարհը Հոլոքոստի մասին աղավաղված պատկերացում ունի: Իսկ նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, թե լեհերն իրենց պարտքն են համարում «աշխարհին հասցնել Հոլոքոստի մասին ճշմարտությունը»:

Նրա ուղերձն ընթերցվել է Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող նացիստական Սոբիբոր համակենտրոնացման ճամբարի ապստամբության 75-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ: Հիշատակի միջոցառումներին մասնակցում են լեհական իշխանությունների և այն երկրների ներկայացուցիչներ, որոնց քաղաքացիները եղել են համակենտրանացման ճամբարի կալանավորներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, Սոբիբորի կալանավորների ազգականներ, դիվանագետներ, դեսպաններ:

Դուդայի խոսքերով` Սոբիբորը դարձել է «սարսափելի հանցագործությունների, միաժամանակ` հերոսական դիմադրության, պատվի և ազատության համար մղվող պայքարի վայր»: 1943թ. հոկտեմբերի 14-ի ապստամբությունը պատերազմի բոլոր տարիների համար միակ հաջողվածն է եղել, որը, Դուդայի խոսքերով, ոչ միայն 300 կալանավորների հնարավորություն է ընձեռել ազատություն ստանալ, այլև հնարավոր է դարձրել պատերազմի հանցագործներին պատժելը:

Հոլոքոստի մասին Լեհաստանի դիրքորոշմանը «Ավանգարդը» գարնանն էլ է անդրադարձել: Մասնավորապես այնտեղ խոսվում էր լեհերի պնդումների մասին, թե համակենտրոնացման ճամբարներում հրեաների հետ լեհեր և ուրիշ ազգերի ներկայացուցիչներ էլ են եղել. բացի այդ` շատ հրեաներ կալանավորներին տանջողների և սպանողների թվում են եղել, այլ ոչ թե զոհերի:

Թե որոշակի ինչ ճշմարտություն է Լեհաստանն ուզում աշխարհին հասցնել` կտեսնենք: Մեզ` դաժան ցեղասպանություն տեսած ազգի համար ակնհայտ է մեկ բան. միլիոնավոր մարդկանց տառապանքներ բերող ու կյանքից զրկող, հաճախ հայրենազրկող ու մշակութային արժեքները թալանող, դրանք իրականացնողի մեջ գազանն ի հայտ բերող այդ անմարդկային իրադարձությունները մեր դարում լոկ քաղաքական կշիռ ունեն: Իսրայելն անմիջապես հարձակվում է ցանկացածի վրա, ով համարձակվում է որևէ չափով թեկուզ մեղմացնել նացիստների հրեակործան գործունեությունը: Այդ նույն Իսրայելը անվարան ժխտում է հայերի հետ կատարվածը:

Աշխարհն այնքան է կորցրել առողջ դատելու ունակությունը, որ այսօր նույնիսկ թուրքն ու ադրբեջանցին են ձայնները գլուխը գցած` աշխարհի ականջին աղաղակում, իբր իրենց դեմ ցեղասպանություն է գործվել:

Իսկ մենք հայտնվել ենք մի ծուղակի մեջ, որտեղից փորձում ենք ամբողջ աշխարհին տեղյակ պահել հարյուր տարի առաջ կատարվածի մասին, ու որքան շատ են օտարները դա էժան խաղաթղթի վերածում, մենք այնքան բարձր ենք գոռում: Չենք հասկանում, որ աշխարհի ականջները փակ են, բաց են միայն քաղաքական, տնտեսական և այլ կարգի շահերի ականջները: Մեզ հետ կատարվածը հնարավոր չէ ո՛չ մոռանալ, ո՛չ անտեսել: Բայց գուցե ժամանակն է, որ մեր գործելակերպը փոխվի…