Թրամփի կարծիքով՝ Չինաստանում «չափազանց երկար ժամանակ են լավ ապրել»

Այս տարվա հուլիսի 6-ից Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև սկիզբ առած առևտրային պատերազմը մեծ լարվածություն է առաջ բերել երկու երկրների միջև: Իրար նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու մրցավազքը կարծես վերջ չունի, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Չինաստանի հետ առևտրային պատերազմում «դեռևս շատ բան կարող է անել»:
 
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը Չինաստանին սպառնացել է առևտրի ոլորտի լրացուցիչ սահմանափակումներ կիրառել: Ապա հայտարարել է, թե իր քաղաքականությունն արդեն վնաս հասցրել է Չինաստանի տնտեսությանը:
 
- Ես դեռ շատ բան կարող եմ անել,- հավելել է ԱՄՆ նախագահը: 
 
Նրա կարծիքով՝ Չինաստանում «չափազանց երկար ժամանակ են լավ ապրել» և օգտվել են Միացյալ Նահանգների հետ առևտրի անարդար առավելություններից: 
 
Այնուամենայնիվ, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ երկու երկրների նախագահնեը պետք է հանդիպեն G20-ի գագաթնաժողովին, որը Բուենես-Այրեսում տեղի է ունենալու նոյեմբերի 30-դեկտեմբերի 1-ին: Չինաստանից էլ հույս են հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի լարվածության թուլացմանը: Թվում է՝ Չինաստանը սին հույսերով ապրող երկիր չէ: Թերևս այդ հույսերը նշանակում են, որ այնտեղ նույնպես առևտրային պատերազմում «դեռևս շատ բան կարող են անել»: