Երկու Կորեաների ապառազմականացված սահմանագիծը վերածել «խաղաղության ու բարգավաճման գոտու»

Փհենյանում տեղի ունեցած միջկորեական գագաթնաժողովի հայտարարությունն ազդարարում է, որ Կորեական թերակղզու զույգ պետությունների ղեկավարները որոշել են  հենց այս տարվանից սկսել երկու երկրների երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները իրենց անջատող արգելագոտու տարածքում միացնելու աշխատանքները:
 
Տվյալ նախագծի վերջնական նպատակն է Անդրկորեական մայրուղին դուրս բերել Անդրսիբիրյան մայրուղի և ծառայեցնել բեռները ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի տարածքով Եվրապա հասցնելուն (հաղորդում է «ՌԻԱ-նովոստի»-ն):
 
Հյուսիսային Կորեայի ղեկավարը նաև խոստացել է փակել Թոնչհանի հրթիռային զինանոցը և ամբողջովին կազմաքանդել Յոնբերի միջուկային ձեռնարկությունները: Ընդ որում, այդ աշխատանքները պետք է կատարվեն արտասահմանյան մասնագետների դիտարկման ներքո: Այնուհետև, առկա լարվածությունը թուլացնելու նպատակով պետք է ստեղծվի համատեղ ռազմական հանձնաժողով՝ կազմված երկու երկրների ռազմական հրամանատարությունից, որի գործը պետք է լինի  սահմանագծի ռազմազերծված գոտին վերածել «խաղաղության ու բարգավարման գոտու»:
 
Գագաթնաժողովի ժամանակ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կորեական երկու պետությունների ղեկավարները շուտով հայտ կներկայացնեն 2032թ. Օլիմպիական ամառային խաղերը համատեղ անցկացնելու համար, իսկ առաջիկա՝ 2020թ. ամառային Օլիմպիադային միասնական անձնակազմ կուղարկեն: 
 
Եթե ամեն ինչ այս ոգով շարունակվի, երևի շուտով կսկսի ապաքինվել այն խոցը, որը նույն ազգի երկու հատվածներին հարկադրում էր տասնամյակներ շարունակ իրար հետ հարաբերվել պատերազմի ու թշնամանքի մթնոլորտում: Թեև երեք տասնամյակ է՝ աշխարհը կապիտալիստական ու սոցիալիստական «ճամբարների» բաժանելու խորհրդային գործալակերպը ավարտվել է, սակայն դրա հետևանքները դեռևս առկա են: Կորեական թերակղզու միավորումը, եթե աշխարհին նման բարեբախտություն բաժին հասնի, թերևս դառնա այդ անիմաստ բաժանման վերջին ակորդներից մեկը: