Ամերիկացիների 61%-ը կողմ է ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների վերահաստատմանը

Հելսինկիում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահների սպասված հանդիպումից հետո առավել բացահայտ դարձավ, որ ամերիկյան քաղաքական դաշտը և լրատվամիջոցներն իրենց երկրի ղեկավարին մեղադրում են թույլ դիրքորոշման համար: Թրամփը նույնիսկ «Թուիթերում» գրեց, թե «ստախոս ԶԼՄ-ների» ուզածը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտություն տեսնելն է: Իսկ թե այդ ամենի մասին ինչ են մտածում ԱՄՆ հասարակ քաղաքացիները,
բացահայտել է հելսինկյան հանդիպումից հինգ օր հետո անցկացված հարցումը:
 
Պարզվում է՝ ամերիկացիների կեսից ավելին կողմ է Վլադիդմիր Պուտինին Վաշինգտոն հրավիրելու թրամփյան գաղափարին: Ամերիկացիները նաև հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու օգտին՝ ի շահ իրենց երկրի: 
 
Հիշատակված հարցումը «The Hill» պարբերականն անց է կացրել HarrisX հետազոտական ընկերության հետ համատեղ: Ըստ դրա արդյունքների՝ ԱՄՆ-ՌԴ նոր վեհաժողովի անցկացման օգտին է արտահայտվել հարցվածների 54%-ը, իսկ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լավ հարաբերությունների վերահաստատմանը՝ 61%-ը:
 
Սրանից կարելի է հետևություն անել, որ թշնամու կերպարի միջոցով սեփական քաղաքացիներին կառավարելի դարձնելու գործելակերպը, որը մոլորակի շատ պետություններ են որդեգրել, Միացյալ Նահանգներում սկսել է տեղի տալ: Ամերիկացիներն, այսպիսով, ավելի իրատես են և խաղաղ համակեցությունը գերադասում են սին գաղափարներից: