Եվրոպայում միասնական ռազմարդյունաբերական համալիր կստեղծվի

Աշխարհում այսօր բազում միլիարդավոր դոլարներ են հատկացվում պաշտպանության ու անվտանգության կարիքների համար: Մինչդեռ միլիարդավոր մարդիկ  ապրում են կա՛մ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, կա՛մ օրվա հացի կարոտ:

Պաշտպանությունն ու անվտանգությունը, անշուշտ, շատ կարևոր են: Միայն թե հարցն այն է, որ պետություններն ու խմբավորումներն իրար սպառնում են` ելնելով սեփական անմաքուր շահերից, իսկ տուժողն կարող է դառնալ ամբողջ մարդկությունը:

Եվրամիությունը նույնպես սեփական անվտանգությունն ու պաշտպանունակությունը կարևորելով` հուլիսի 3-ին Եվրախորհրդարանի հավանությանն է ներկայացրել համաեվրոպական ռազմարդյունաբերական համալիր ստեղծելու նախագիծը:

Ինչպես հաղորդել է ԵԽ մամուլի ծառայությունը` 2016թ. սեպտեմբերին Եվրահանձնաժողովի առաջարկած նախագիծը հավանության է արժանացել և համարվում է Եվրոպայի պաշտպանության հիմնադրամի սյուներից մեկը:
 

- Այս նախագծի նպատակն է խրախուսել համագործակցությունը սարքավորումներ և աշխատակարգեր մշակելու գործում, որոնք Եվրոպային անհրաժեշտ են պաշտպանության և անվտանգության ներկա և ապագա խնդիրները լուծելու համար,- այսպես է Եվրահանձնաժողովը հիմնավորել իր առաջարկը:

Սրա շրջանակներում ԵՄ-ն պետք է ֆինանսավորի այն  ծրագրերը, որոնք համատեղ իրականացնում են ամենաքիչը երեք անդամ պետություն: Այդ նպատակի համար 2019-2020թթ. նախատեսված է հատկացնել 500 մլն եվրո: Եվրոպայի պաշտպանության հիմնադրամն արդեն սկսել է համաեվրոպական հետազոտական ծրագրերի ֆինանսավորումը: Հունիսին Եվրահանձնաժողովն առաջարկել էր հիմնադրամի համալրման համար հատկացնել 13 մլրդ եվրո:

Եթե Եվրոպան դիտենք որպես մի ամբողջական միավոր, ապա հարց է առաջանում, թե պաշտպանության անհրաժեշտությունը որտեղի՞ց է ծագում: Գուցե այնտեղ վախենում են, թե Ռուսաստանի ծավալապաշտությունն այնքան հեռուն է գնում, որ իրենց վրա կհարձակվի իր զինանոցի ամբողջ զորությա՞մբ: Հնարավո՞ր է` Միացյալ Նահանգների ներխուժումից են զգուշանում: Կամ գուցե պաշտպանությունն ուժեղացնում են` վախենալով եվրամերժում ստացած Թուրքիայի վրեժի՞ց: Մի մեծ վտանգ, իհարկե, Եվրոպայի ներսում կա` ահաբեկչությունը: Դրա դեմ պայքարելու համար պատրաստ լինելն անհրաժեշտություն է…

Առաջկտրուկի տալով սպառազինվելու փոխարեն մարդկությունը կարող էր նոր մտածողությամբ նայել աշխարհին: Ի դեպ` որոշ գիտնականներ պնդում են, թե մարդու ԴՆԹ-ն դրական վերափոխման է ենթարկվում տիեզերքից եկող որոշակի ազդակների շնորհիվ: Հնարավոր է` հենց դա էլ մարդկանց կմղի կյանքն այլ հայացքով գնահատել, քանի դեռ ամեն ինչ գերհզոր զենքերի բաժին չի դարձել: