ԱՄՆ սենատորի խաղաղասիրական ուղերձը Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ

ԱՄՆ և ՌԴ հարաբերությունների հեռանկարի տեսանկյունից ուշագրավ միտք է հայտնել հունիսի 30-հուլիսի 5-ին Ռուսաստանում գտնվող ամերիկյան պատվիրակության անդամներից մեկը:
 
ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու պալատների պատգամավորները Ռուսաստան են այցելել, որպեսզի հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ երես առ երես շփվեն ռուսաստանյան պաշտոնական դեմքերի հետ: Պատվիրակությունը, որը ղեկավարում է Ալաբամայից հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին, նախ եղել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, որից հետո հանդիպումներ են նախատեսված նաև Մոսկվայում:
 
Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան պատվիրակության ղեկավարը նախ հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կավարտվի դրական արդյունքներով, քանի որ Միացյալ Նահանգների համար մրցակիցների հետ լավ հարաբերությունները շատ կարևոր են: 
 
- ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման մասին մենք տեղյակ ենք և հույս ունենք, որ այդ հանդիպումը երկու երկրների համար էլ դրական արդյունքներով կավարտվի: Այժմ մենք լարված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, և բնականաբար՝ նախագահ Թրամփը նույն կերպ է մտածում: Ես կարծում եմ, որ մենք միշտ էլ հակառակորդներ ենք լինելու, սակայն պարտադիր չէ, որ թշնամիներ լինենք:
 
Այս խաղաղասիրական միտքը առաջ քաշելով՝ ԱՄՆ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվայում հանդիպում կլինի նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ: Իրոք, թշնամու կերպարը, որը շատ պետություններ օգտագործում են՝ մեկ միասնական գաղափարի շուրջը իրենց հասարակությանը համախմբելու նպատակով, մինչև օրս որևէ օգուտ չի բերել: Այն միայն ավելի է սրել անհանդուրժողականությունը մի մոլորակում, որտեղ զանազան հզոր ուժեր փորձում են ամեն ինչ ու բոլորին ներառել մի համահարթեցնող ճահճում, ջնջել սահմանները լեզուների, ազգերի, կրոնների, մշակույթների միջև: Եթե Միացյալ Նահանգներում թշնամու կերպարից հրաժարվելու մասին խոսվում է նման բարձր մակարդակով, ուրեմն թերևս կարելի է հույսեր փայփայել, որ աշխարհի իրավիճակում կարող է ինչ-որ բան շտկվել:  
 
Իսկ հուլիսի 16-ին նախատեսված հանդիպման մասին Կրեմլը հայտնել է, թե քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ խնդիրները: Երկու երկրների նախագահներն առաջին անգամ հանդիպել են Համբուրգում՝ որպես G20-ի ներկայացուցիչներ, այնուհետև հպանցիկ շփում են ունեցել 2017թ. նոյեմբերին՝ Վիետնամում ընթացող Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն շրջանակում: