Ի՞նչ ակնկալիքներ է առաջ բերում Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպումը

ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Վերջապես Կրեմլի մամուլի ծառայությունն ու Սպիտակ տունը արդեն հաստատել են՝ Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:
 
Այն, որ Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունները լարվածության մեջ են պահում գրեթե ողջ աշխարհը՝ վկայում են նաև Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի խոսքերը: Հունիսի 28-ին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա մասնավորապես խոսել է քննվելիք հարցերի շրջանակի մասին իր ենթադրություններից և դրական ակնկալիքներից:
 
- Կարծում եմ՝ օրակարգում կլինեն Սիրիան, Ուկրաինան, նաև կարող են քննարկվել պատժամիջոցները,- նշել է նա՝ միաժամանակ հույս հայտնելով, որ կքննարկվեն նաև սպառազինության վերահսկողության հարցերը: 
 
Ռուսաստանի դարավոր հարևան երկրի նախագահը հույս ունի, որ հանդիպման ժամանակ դրական արդյունքներ կգրանցվեն լարվածության հետագա թուլացման տեսանկյունից:
 
- Հույս ունեմ՝ կգտնվեն որոշ դրական հիմքեր, դրական ազդանշաններ, որ այդ երկու երկրների հարաբերությունները չեն շարունակի զարգանալ նույն կերպ, ինչը բոլորիս մեջ անհնագստություն է առաջացնում: Այսինքն՝ չի շարունակվի այս իրավիճակը, որը համեմատվում է սառը պատերազմի հետ,- ասել է Նիինիստյոն:
 
Նախագահն ինքը մտադիր է, ի թիվս այլոց, երկու նախագահների հետ քննարկումներ ժամանակ բարձրացնել Բալթիկ ծովի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու խնդիրը: Ֆինլանդիան, սակայն, ըստ նրա նախագահի, տվյալ դեպքում չի ստանձնում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև «կամուրջներ գցողի» դերը:
 
- Սակայն մենք անում ենք մի գործ, որը շահավետ է բոլորի համար: Սա աշխատանք է հանուն խաղաղության,- շեշտել է նա:
 
Իսկ թե ինչով կպսակվեն իրոք կարևոր այս աշխատանքի ադյունքները՝ պարզ կդառնա բանակցություններից հետո: Երկու երկրների հավակնություններն էլ, ախորժակն էլ չափազանց մեծ են մեկ մոլորակի համար, ուստի դժվար է երևակայել, թե ինչը կարող է դրանց վրա զսպանակ դնել: Գուցե միայն ամենակործան պատերազմի ծանր հեռանկարը, որը կարող է տաք գլուխների համար սթափեցնող սառը ցնցուղ դառնալ: