ՆԱՏՕ-ն միայն Ռուսաստանի՞ց է կառչել

Ինչի՞ համար է ստեղծված ՆԱՏՕ-ն և ո՞ր չափով պետք է ապահովի անդամ երկրների անվտանգությունն ու պաշտպանունակությունը: Այս թեմային է անդրադարձել դաշիքնի անդամ երկրներից Պորտուգալիայի ազգային պաշտպանության նախարարը մի հարցազրույցում, որը հունիսի 27-ին հրապարակվել է Defence News լրագրի էլեկրոնային կայքում: Ժոզե Ալբերտու Ազերեդու Լոպեշի գլխավոր մտահոգությունն այն է, որ ռազմական դաշինքը կառչել է Ռուսաստանից և անտեսում է մնացած հիմնախնդիրները:
 
Պորտուգալացի նախարարը գանգատվել է, թե վերջին տարիներին ՆԱՏՕ-ն քննարկում է լոկ արևելաեվրոպական երկրների անվտանգությունը՝ մոռանալով, որ այդ կազմակերպության անդամ մյուս պետությունները նույնպես ունեն ուշադրության արժանի խնդիրներ:
 
- Ես իմ պաշտոնն զբաղեցրել եմ 2015թ. նոյեմբերին: Իմ առաջին հանդիպման ժամանակ (ՆԱՏՕ-ում) մենք քննարկել ենք միայն Ռուսաստանը, Ռուսաստանը և Ռուսաստանը: Ես նույնիսկ ժպիտով հարցրի, թե սա Վարշավայի պայմանագրի հանդիպում չէ՞ արդյոք, քանի որ ոչ մի խոսք չլսեցի ո՛չ Ատլանտիկայի մասին, ո՛չ վերազգային ահաբեկչության նոր մարտահրավերների մասին: Ես ապշած էի, քանի որ չլսեցի քննարկումներ մեր գործունեության այս կարգի խնդիրների կամ մեր անվտանգության ու պաշտպանության հրատապ հարցերի մասին,- նախարարի խոսքերն է մեջ բերել կայքը: 
 
Լոպեշն ասել է, թե ինքը չի ցանկանում նվազեցնել բալթյան երկրներին սպառնացող վտանգները, որոնք առնչվում են ՌԴ-ի հետ հարևանությանը, սակայն Դաշիքը պետք է արձագանքի բոլոր մարտահրավերներին, որոնց բախվում են նրա անդամները: Որպես օրինակ՝ նա ուշադրություն է հրավիրել մի հանգամանքի վրա: Եթե ՆԱՏՕ-ում խոսք է լինում հարավային ուղղության մասին, ապա Դաշիքի անդամների մեջ ի հայտ է գալիս կատարյալ անհասկացողություն: Նրանք չեն ուզում այդտեղ ինչ որ-բան անել, և  գայթակղություն է առաջանում  «հարավային խնդիրների» լուծումները դնել ինչ-որ ուրիշների վրա՝ ԵՄ-ի, ՄԱԿ-ի: 
 
Պորտուգալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, թե ինքն ի վիճակի է հասկանալ, ասենք, Էստոնիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ակնկալում է համարժեք ընկալում մերձբալթյան երկրների կողմից: Նրանք նույնպես պետք է ընդունեն, որ Դաշինքի մնացած անդամները ևս տարբեր կարգի վտանգների են բախվում: 
 
- Եթե հայացք նետենք Գվինեական ծոցին, դժվար է հասկանալ, թե ինչու ՆԱՏՕ-ն այնտեղ կանոնավորապես ներկա չէ: Ես ուզում եմ, որ նրանք, օրինակ, հասկանան, որ եթե այստեղ անվտանգության համար սպառնալիքներ առաջանան, մենք բոլորս ստիպված կլինենք հատուցել դրա համար, քանի որ այդ ջրերով է իրականացվում համընդհանուր առևտրի 40% -ը: Եվ եթե այդ ջրերը անվտանգ չլինեն՝ դրա համար վճարելու ենք բոլորս: Իսկ եթե Աֆրիկան անվտանգ չլինի, դրա համար ևս վճարելու ենք բոլորս: 
 
Ըստ Լոպեշի՝ եթե Հյուսիսատլանտյան դաշինքի յուրաքանչյուր անդամ «պետք է գործի և արձագանքի՝ ելնելով սոսկ իրեն սպառնացող վտանգներից», ՆԱՏՕ-ն ավելորդ կդառնա: 
Իսկապես, եթե ռազմական հզոր դաշինքները, որոնք միավորում են աշխարհի հեղինակավոր պետությունների զինուժը, խնդիր դնեին ապահովել մոլորակի, ամբողջ մարդկության անվտանգությունը՝ իրենց նման այլ պետությունների մեջ թշնամիներ փնտրելու փոխարեն, աշխարհն այսօր իսկական դրախտ կլիներ: