Իրանական ատոմի առնչությամբ կանխակալություն չպետք է լինի

ԱՅՍՊԻՍԻ ԿՈՉ Է ՀՂԵԼ ԳՈՒՏԵՐԵՇԸ

Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ դարձյալ զեկույց է հրապարակել Միավորված ազգերի կազմակերպությունը: Հունիսի 27-ին հանրությանը ներկայացված փաստաթղթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում պահպանել Իրանի ատոմային գործարքը, քանի որ Թեհրանն այն կատարում է:
 
- 2016թ. հունվարից հետո ՄԱԳԱՏԷ-ն Անվտանգության խորհրդին 11 անգամ զեկուցել է, որ Իրանը կատարում է ՀՀԳԾ-ի իր պարտավորությունները: Չնայած Իրանը միջուկային զենքի վերաբերյալ իր խոստումներին հավատարիմ է մնում, ցավոք սրտի, համաձայնագիրը հայտնվել է ճամփաբաժանում,- նշված է զեկույցում: 
 
Հիշեցնելով, որ մայիսի 8-ին ԱՄՆ-ը որոշում է կայացրել գործարքից դուրս գալ՝ ՄԱԿ-ի գշխավոր քարտուղարը դրա համար իր ափսոսանքն է հայտնում.
 
- Ես խորապես ցավում եմ ՀՀԳԾ-ի համար այս հետքայլից, որը չտարածման կարգի համար մեծ նվաճում էր և իր ներդրումն էր բերել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության գործում: Կարծում եմ՝ հարցերը, որոնք չեն առնչվում ուղղակիորեն ՀՀԳԾ-ին, պետք է վճռվեն առանց համաձայնագրի պահպանման և ձեռք բերված հաջողությունների համար կանխակալ վերաբերմունքի: 
 
Միացյալ Նահանգները, սակայն, ոչ միայն Իրանի հետ միջուկային համաձայնագրից է դուրս եկել, այլև ամեն կերպ փորձում է խոչընդոտել նրա տնտեսական առաջընթացը: Սա թերևս ցույց է տալիս, որ Վարշավայի հոգսն ամենևին էլ միջուկային զենքի տարածումը կանխելը չէ:  
 
ԱՄՆ-ի հիմնական թիրախն այս պահին Իրանից արտահանվող նավթն է: Լրատվամիջոցներով տարածված լուրերի համաձայն՝ օրերս Հնդկաստանին ու Չինաստանին է առաջարկվել հրաժարվել իրանական գազից, երեկ էլ Ֆրանսիայի ԱԳՆ-ն է հաղորդել, թե իրենք ի գիտություն են ընդունել ԱՄՆ-ի կոչը՝ հրաժարվել իրանական նավթից և պատրաստ են այն քննարկել եվրոպական գործընկերների հետ: