Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները գործնականում դադարեցված են

ԱԼԲԱՆԻԱՆ ՈՒ ՄԱԿԵԴՈՆԻԱՆ` ԵՄ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Հունաստանն ու Մակեդոնիան  վերջապես ընդհանուր հայտարարի են եկել նախկին Հրավսլավիայից անջատված սլավոնական պետության անվան հարցում: Իսկ դա վերջինիս առջև բացում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու դռները: Ճիշտ է, «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» նոր անունը շատերին չի գոհացնում, սակայն բանակցությունների հիմք տալիս է:

Եվրախորհրադարանն արդեն  առաջին ավետիսը հնչեցրել է:

Հունիսի 26-ին Բրյուսելը հայտարարել է, թե Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ կսկսվեն ուղիղ մեկ տարի հետո` 2019թ. հունիսին: 

Հայտարարությունն արվել է Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարների  հանդիպման նիստում: ԵԽ-ի այդ նիստի ուշադրության կենտրոնում Ալբանիայի և Մակեդոնիայի անդամության բանակցություններն են եղել: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասն այդ հանդիպման առիթով ասել է,  թե ԵՄ անդամ ոչ բոլոր պետություններն են հանդես գալիս հօգուտ բանակցային գոծընթացի անհապաղ մեկնարկի:

- Կարծում եմ` երկրների երկու խումբ կա: Առաջինը մեծամասնությունն է` 25 երկիր,  որոնք հանդես են գալիս բանակցություններ սկսելու օգտին: Երեք երկիր էլ` Ֆրանսիան, Դանիան և Նիդեռլանդները, կարծում են, որ ամբողջ գործընթացը պետք է հետաձգել,- ասել է Հունաստանի արտգործնախարարը:

Նշենք, որ սլավոնական Մակեդոնիայի վերանվանման փաստաթղթի տակ հունական կողմից ստորագրել է հենց Նիկոս Կոտզիասը:

Սա, սակայն, դեռևս չի նշանակում, թե Ալբանիան ու Մակեդոնիան առաջիկա մեկ-երկու տարում ԵՄ անդամ կդառնան: Այս պահին ԵՄ անդամության թեկնածու են համարվում նաև Սերբիան, Չեռնոգորիան, Թուրքիան: Բրյուսելում առայժմ չեն նշում որոշակի ժամկետներ, երբ այդ երկրները կներառվեն ԵՄ կազմում:

Միայն 2017թ. աշնանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, թե իր կարծիքով Սերբիան ու Չեռնոգորիան ԵՄ անդամ կդառնան 2025 թ.: Ինչ վերաբերում է վերջին թեկնածուին, հունիսի 26-ին Եվրախորհրդարանը  հայտարարել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները գործնականում դադարեցված են: