Լիտվան ԵՄ-ին կոչ է անում արգելել ռուսական հեռուստաալիքները

Պաշտոնական Վիլնյուսին մտահոգում է ռուսաստանյան հեռուստաալիքների հասանելիությունը: Այնտեղ այդ ալիքները համարում են քարոզչական և փորձում են ամեն կերպ խոչընդոտել դրանց հեռարձակումները:
 
Հունիսի 25-ին այդ խնդիրը Լյուքսեմբուրգում բարձրաձայնել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը՝ ելույթ ունենալով ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Նա նախ և առաջ Եվրամիությանը կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որոնց շնորհիվ եվրոպական լսարանի համար անհասանելի կդառնան ռուսական հեռուստաալիքները: 
 
- Նախ և առաջ մենք պարտավոր ենք ձերբազատվել մեր թույլ կետից՝ փակելով Ռուսաստանի քարոզչական հեռուստաալիքների ճանապարհը: Դրանք հեռարձակվում են ԵՄ որոշ երկրներից՝ օգտագործելով եվրոպական իրավական հենքի ճեղքերը,- հայտարարել է նա: 
 
Նախարարը ԵՄ անդամ երկրներին նաև կոչ է արել աջակցել ռուսական ընդդիմությանը, որովհետև Ռուսաստանում, ըստ նրա, մշտապես խախտվում են մարդու իրավունքները: 
 
- Եվրամիությունը պետք է պայմանավորվի այսպես կոչված Մագնիտսկու ցուցակը կիրառել եվրոպական համընդհանուր մակարդակով,- ասել է Լիտվայի գլխավոր դիվանագետը: 
 
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը նշում է, թե Լիտվան կազմել է սեփական՝ ազգային «Մագնիտսկու ցուցակը»: Այնտեղ ներառված են այնպիսի անձինք, որոնց Վիլնյուսը հնարավոր չի համարում իր սահմաններից ներս թողնել՝ նրանց քաղաքական հայացքների պատճառով: Թերևս արտգործնախարարի ելույթի տվյալ կետը նշանակում է, որ այդ անձինք պետք է անցանկալի համարվեն ամբողջ եվրոպական տարածքում:    
 
Ինչ վերաբերում է հեռուստաալիքների ճանապարհը փակելուն, մարդկությունը կարծես խճճվել է խոսքի ազատության ջատագովության և վնասակար գաղափարների առաջն առնելու անհրաժեշտության բավիղներում: Միայն թե մեր օրերում կարծես խոսքի ազատություն կոչվող ամենաթողությունը շատ ավելի զորեղ է: Երբ մեկը նպատակ է դնում մի գաղափար տարածել, դրա համար օգտագործում է արդիական կապի բոլոր հնարավորությունները: 
 
Իսկ ելքը թերևս մեկն է՝ դաստիարակել և կրթել այնպիսի քաղաքացիներ, ովքեր լավը վատից, չարը բարուց, վնասակարն օգտակարից զատելու չափ մտահասու կլինեն և չեն հայտնվի սրա-նրա քարոզչության ծուղակում: