Ղազախստանում ահաբեկությունների շարք են կանխել

Ահաբեկությունը երկրագնդում անկյուն չթողեց, որ թևերը չփռի: Իսկ մահմեդական երկրներում ահաբեկիչները նաև առատ սնունդ են առնում կրոնական արմատական գաղափարախոսություններից:
 
Հունիսի 25-ին հայտնի է դարձել, որ Ղազախստանում բռնել են ութ մարդու և նրանց մեղադրում են ահաբեկությունների շարք նախապատրաստելու համար: Ինչպես հաղորդում է Ղազախստանի անվտանգության կոմիտեի մամլո ծառայությունը՝ կրոնական արմատական խմբավորման 8  անդամներին ձերբակալել են Ղազախստանի Ուրալսկ քաղաքում:
 
- 2018թ. հունիսի 25-ին Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի ուժերով Ուրալսկում կանխվել է արմատական կրոնական խմբավորման գործունեությունը: Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է խմբի ութ անդամ, առգրավվել են հրազեն, ռազմամթերք և կրոնական գրականություն,- մանրամասնել է գերատեսչության հաղորդագրությունը: 
 
ԱԱԿ-ի տվյալներով՝ նշված անձինք կասկածվում են Ղազախստանի տարածքում ահաբեկությունների շարք նախապատրաստելու, ահաբեկություն քարոզելու, ինչպես նաև գույքի յուրացմանն առնչվող հանցագործություններում: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում՝ ելնելով հետաքննության շահերից:
 
Որքան էլ ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր Ղազախստանի իշխանությունները բոլոր սկզբունքային հարցերում մեր դեմ ոչնչացնող պատերազմ հայտարարած Ադրբեջանի կողմն են բռնում՝ բացահայտ, թե թաքուն, միևնույն է՝ մտահոգիչ է, որ արմատական իսլամականությունը գործուն կերպով տարածում է գտնում նաև այնտեղ: Մանավանդ՝ ահաբեկությունների զոհերը սովորաբար խաղաղ քաղաքացիներն ու անմեղ մարդիկ են լինում, այլ ոչ թե աչառու ու շահամոլ իշխանությունները: