Սահմանների ամրապնդումն ԱՄՆ-ին էլ է անհրաժեշտ

ԹՐԱՄՓԸ` ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Անօրինական ներգաղթի խնդիրները միայն Եվրոպայում չէ, որ այս օրերին գործուն միջոցների է մղում: Մոլորակի մյուս կիսագնդում նույնպես փորձում են դրա համար լուծումներ գտնել:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Թուիթերի» իր կիրակնօրյա գրառումները հենց այդ գործին է նվիրել: Եվ հանգել է մի անառարկելի եզրակացության` ներգաղթյալներն անհապաղ պետք է արտաքսվեն ԱՄՆ-ից: Բայց ամենակարևորն այն է, որ իրենց երկրին հարկավոր են այնպիսի մարդիկ, որոնց օգնությամբ Ամերիկան դարձյալ մեծ կդառնա:

- Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ մարդիկ ներխուժեն մեր երկիրը: Երբ ինչ-որ մեկը փորձ է անում սողոսկել մեզ մոտ, մենք պետք է անհապաղ, առանց դատական որոշումների ու գործեր սարքելու, նրանց արտաքսենք այնտեղ, որտեղից եկել են: Մեր համակարգն` իր օրենքով և սահմանված կարգով,  ներգաղթի լավ քաղաքականության ծաղրանմանակն է,- հունիսի 24-ին գրել է ԱՄՆ նախագահը:

Մեկ այլ գրությամբ Թրամփն ընդգծել է, թե ներգաղթի գործող քաղաքականությունը միանգամայն անարդար է նրանց հանդեպ, ովքեր փորձում են ԱՄՆ գալ օրինական կարգով և տարիներով սպասում են համապատասխան թույլտվության:

- Ներգաղթի քաղաքականությունը պետք է հիմնվի այն փաստի վրա, թե ինչ փորձի ու գիտելիքների տեր է ԱՄՆ-ում բնակություն հաստատել ցանկացողը: Մեզ հարկավոր են այնպիսի մարդիկ, ովքեր կօգնեն Ամերիկան նորից մեծ դարձնել: Մեզ հարկավոր է ուժեղացնել անվտանգությունը սահմաններին: Մենք չենք կարող ընդունել բոլոր մարդկանց, ովքեր փորձում են անօրինական կերպով մեր երկիր ներխուժել,- գրել է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը դեռևս իր նախընտրական ծրագերերում էր խոստանում խստացնել ներգաղթի քաղաքականությունը և ուժեղացնել սահմանային հսկողությունը: 2017թ. հունվարի 20-ին նախագահությունն ստանձնելուց ի վեր նա բազմիցս փորձել է իրականացնել իր այդ նախընտրական խոստումները: Սպիտակ տան ղեկավարը համոզմունք է հայտնել, թե անօրինական ներգաղթյալները (որոնք ԱՄՆ-ում հաշվվում են 12 մլն) «հանցագործներ են և անհանդուրժելիության չափ վտանգավոր հանրային և ազգային անվտանգության համար:

Անժխտելի է, որ անօրինական ներգաղթյալների մեծ մասը իրոք վտանգավոր է ցանկացած պատության համար: Հանցավորություն, թմրամոլություն, հազարումի ախտի տարածում, վերջիվերջո` ահաբեկություններ… Սակայն չէ՞ որ անօրինական ներգաղթը ընդամենը հետևանք է, որը խոր ու սարսափելի պատճառներից է ծնունդ առնում:

Մինչև ԱՄՆ-ը ու Եվրոպան չհասկանան, որ ներգաղթյալներն իրենց երկրներ են հոսում այլ պետությունների գործերին նաև իրենց կոպիտ միջամտությունների, նրանց հարստություններին տիրանալու և շահագործելու ձգտումների պատճառով, անօրինական ներգաղթը միշտ էլ օրախնդիր է մնալու: