Հետընտրական Թուրքիան` դարձյալ էրդողանական

Երեկ Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

Քվեների հաշվարկը դեռևս չավարտված` լրատվամիջոցները արդեն հրապարակում էին հավանական նախագահի և խորհրդարանական մանդատների հավակնող կուսակցությունների հավաքած ձայների քանակը: Նախագահի թեկնածուներից առաջինը, ինչպես հաղորդում էր Anadolu գործակալությունը (ընտրությունների նախնական արդյունքներն առաջինը հրապարակելու իրավունք միայն այս պարբերականն ունի) միշտ Էրդողանն էր, և շատ շուտով պարզ դարձավ, որ ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտությունը չի լինելու:    

Նախնական տվյալներով` խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 10%-ի շեմը հաղթահարել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Նրա առաջնորդն է Սալահեթդին Դեմիրթաշը, որը նախագահական ընտրություններին մասնակցում էր ճաղերի հետևից: Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջին տեղում է` քվեների կեսից պակասի արդյունքով, իսկ ընդդիմադիր հիմնական կուսակցությունը կառավարող ուժի կեսից էլ պակաս ձայներ է հավաքել:

Վերջնական արդյունքները, բնականաբար, նախնականից այնքան էլ հեռու չեն լինի, այնպես որ հետընտրական Թուրքիան նորից կլինի էրդողանական:

Լրատվամիջոցները ակնարկներ են անում նաև բազմաթիվ ընտրախախտումների և բախումների մասին, հատկապես քրդաշատ բնակավայրերում: Սակայն նաև նշվում է, որ այդ ամենը չի արձանագրվում, որովհետև արտակարգ դրության պայմաններում միջազգային դիտորդներ համարյա չկան: