Ոնց թե՝ դո՞ւ ինձ քննադատես…

Արդեն այս կիրակի Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ են, և միջազգային դիտորդներն սկսել են այնտեղ ժամանել: Միայն թե ոմանց համար փակ են Թուրքիայի դռները: Այսպես, երբ ԵԱՀԿ դիտորդ և «Ձախեր» կուսակցությունից Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Հունկոն արդեն ցանկացել է Վիեննայում ինքնաթիռ նստել, ոպեսզի ժամանի Անկարա, նրան տեղեկացրել են, որ Թուրքիայի կառավարությունը մուտքի թույլտվություն չի տվել: Տեղեկությունը տարածել է «Շպիգել» հանդեսը:
 
Ինչպես հաղորդել է dpa-ն, արգելքի մասին Թուրքիան ԵԱՀԿ-ին տեղեկացրել է, սակայն Հունկոն ինքը, ինչպես նաև ԳԴՀ ԱԳՆ-ն և Գերմանիայի դեսպանատունը նման տեղեկություն չեն ստացել: Միաժամանակ նշվում է, որ անցած տարվա ապրիլին, երբ Թուրքիայում տեղի էր ունենում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ոպեսզի խորհրդարանական կառավարումից անցում կատարվի նախագահականի՝ Հունկեն այնտեղ էր որպես ԵԱՀԿ դիտորդ: 
 
Այն ժամանակ նա քննադատել էր քվեարկության «ոչ ժողովրդավարական և անազնիվ պայմանները»: Ի պատասխան՝ Անկարան նրան մեղադրել էր, թե համակրում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը, ապա և կասկած էր հայտնել դիտորդի անաչառության վերաբերյալ: Հունկոն ինքը բազմիցս ժխտել է ՔԱԿ-ի հետ որևէ առնչություն: 
 
Այժմ Հունկոն շարունակում է պահանջել, որ իրեն թույլ տան դիտորդական առաքելությունն իրականացնել և պատրաստ է Թուրքիա մեկնել, եթե թույլտվության հաստատումն ստանա: Սակայն այդ հարցում բնավ լավատես չէ:
 
- Կարծում եմ՝ իմ մասնակցությունը քիչ հավանական է,- ասել է նա: 
 
Եվ իրոք քիչ հավանական է, քանի որ քիչ հավանական է, թե այս անգամ գերմանացի դիտորդը Թուրքիայի ընտրությունների մասին գովաբանական ճառեր կհնչեցնի: Մարդու էությունն է այդպիսին՝ որքան քիչ արժանիք է ունենում, այնքան շատ է տենչում, որ իրեն գովաբանեն: