ՄԱԿ-ի բարեփոխումներն անհնար են առանց ԱԽ բարեփոխումների. իսկ դա շատ հեռու է

«Վայդայ» միջազգային ակումբում ՄԱԿ-ի գլխավոր  քարտուղարը հունիսի 21-ին անդրադարձել է Մարդու իրավունքների խորհրդից Միացյալ Նահանգների դուրս գալու և Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման հարցերին:
 
Հիշեցնենք, որ օրերս ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին Պետքարտուղարությունում լրագրողներին ասել էր, որ պետությունը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմից, որն իր գործունեությունը ծավալում է Ժնևում: Ամերիկյան իշխանություններ որպես պատճառ նշել են, մասնավորապես, թե կառույցը ԱՄՆ-ի և Իսրայելի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունի: 
Չորեքշաբթի Անտոնիու Գուտերեշը ԱՄՆ իշխանությունների որոշման մասին իր հիասթափությունն էր հայտնել, իսկ արդեն հաջորդ օրվա իր ելույթում այդ նախադեպը մեկնաբանելով՝ նշել.
 
- ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի երկրները կազմակերպության կառույցներից դուրս չգան: 
 
Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդյալնման մասին գլխավոր քարտուղարն ասել է, թե դրա իրագործումից դեռ շատ հեռու են: 
 
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որից հինգը մշտական են (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան): Մնացած տասը անդամները ընտրվում են հատուկ կարգով՝ համաձայն կանոնադրության: Գուտերեշն ասել է, որ ԱԽ մշտական անդամների կազմն ընդլայնելը շատ բարդ հարց է, որը ենթադրում է բարեփոխումներ, իսկ դա դեռևս շատ հեռու է: 
 
- Ամենաբարդ հարցն առնչվում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին: Պետք է խոստովանեմ, որ մենք շատ հեռու ենք այնպիսի իրավիճակից, որում որոշումն արդեն մոտ կլինի,- շեշտել է նա: 
 
Գուտերեշն իր համաձայնույունն է հայտնել միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կարծիքին, թե հնարավոր չէ ՄԱԿ-ը բարեփոխել՝ առանց բարեփոխելու ԱԽ-ն.
 
- Բարեփոխումը շատ կարևոր է: Սակայն պետք է ասել, որ դա ՄԱԿ-ի անդամ պետությունների իրավասության ներքո է: Նրանցից է կախված, թե այդ ուղղությամբ ինչպես պետք է շարժվել: Որոշ բնագավառներում առաջընթացը բավականաչափ դյուրին է, և վերջերս դրան արդեն հասել ենք, մինչդեռ ԱԽ-ի ընդլայնման հարցերը շարունակում են քննարկվել: 
 
Ելներով նրանից, թե աշխարհի պետություններն ինչպես են լծվել մի սայլի, որն ամեն մեկը փորձում է շարժել սեփական շահերի ճանապարհով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ասած հեռուն թերևս անսահմանության է ձգտում: Այն որոշակի կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ սայլին լծված բոլոր ուժերը շահերի միասնություն տեսնեն մի ընդհանուր ճանապարհի վերջում ու բոլորն ուղղություն վերցնեն դեպի այնտեղ: 
Գուցե ՄԱԿ-ի գոյության իմաստը հենց այս ընդհանրությունը գտնելն ու բոլորի գիտակցությանը հասցնե՞լն է…