«Ախտորոշողը» կառավարության երկու տարվա ղեկավարն է

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՀԱՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Անկախ պետություն դառնալով՝ Ուկրաինան այդպես էլ տնտեսական մեծ հաջողությունների չհասավ: Այն Ուկրաինան, որին հասնում էր Խորհրդային Միության «գաթայի» երկրորդ մեծ կտորը: Կարծես թե այն ժամանակ հետխորհրդային բոլոր պետությունների տնտեսություններն  անկում ապրեցին, սակայն դրանցից որոշները հետագայում կարողացան դրությունը շտկել: Ուկրաինայի արդեն երկու տարվա վարչապետը պարզաբանել է, թե ինչու է իր երկրի տնտեսությունն «անկում ապրում տասնամյակներ շարունակ»:
 
Ընդ որում, երկու ամիս առաջ նա բոլորովին այլ պատճառ էր մատնանշել. ապրիլին Գրոյսմանը Ուկրաինայի տնտեսության գլխավոր խոչընդոտ էր համարել արտաքին պարտքը, որը գերազանցում է 65 մլրդ դոլարը: Նա նախազգուշացրել էր, թե առանց Արժույթի միջազգային հիմնադրամի օգնության Կիևի համար հեշտ չի լինի այդ պարտքը սպասարկել: Այժմ արդեն Վլադիմիր Գրոյսմանը կարծես թե առավել իրատես է, ընդ որում ասել է բաներ, որոնց մասին խորհելու շատ բան ունենք նաև մենք՝ նկատի ունենալով նույն տասնամյակների Հայաստանի իրավիճակը:  
 
- Երկար ժամանակ Ուկրաինայի տնտեսությունն անկում է ապրում իշխանությունների անձեռնհասության պատճառով: Ինչու ենք մենք տասնամյակներով հե՞տ գնում: Որովհետև երկրի կառավարվումն անորակ ու անազնիվ է իրականացվում,- Ուկրաինայի կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերել УНИАН գործակալությունը:  
 
Եվ սա՝ հակառակ նրան, որ, ինչպես պնդում է կառավարության ղեկավարը, Ուկրաինայի ներուժը «վիթխարի է»: Նա կարծում է, որ Կիևը լիովին տիրապետում է բոլոր տեսակի տեխնոլոգիաներին՝ սկսած ընդերքից մինչև տիեզերք:
 
Գրոյսմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է տնտեսության մեջ իրավիճակ փոխել: Միայն թե, նրա խոսքերով, այդ ուղղությամբ աշխատանք տանողներին ամեն կերպ խոչընդոտում են: 
 
-  ճանապարհին գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ինչ-որ բան փոխել ցանկացողների ոտքուձեռքը կապել,- ընդգծել է նա: 
 
Կարելի է ասել՝ Ուկրաինայի կառավարության ղեկավարը գտել է հիվանդության ախտորոշումը: Մնում է ճիշտ «դեղեր դուրս գրել» կամ «վիրահատության դիմել»՝ ելներով անհրաժեշտությունից: 
 
Ամեն ինչից բացի, Ուկրաինան այժմ բնակավայր է նաև բազմաթիվ հայերի համար, և այդ երկրի տնտեսության զարգացումը որոշակի չափով նաև հայության շահերից է բխում: