Ներգաղթն ու ահաբեկչությունը` ԵՄ պետություններում հարցումների պրիզմայով

Եվրամիության իրականությունում ի՞նչն է ամենից շատ մտահոգում փլուզված ԽՍՀՄ-ից հեռացած և եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դարձած Էստոնիայի բնակիչներին: Այս մասին շեշտադրում կա Եվրամիության սոցիալական ծառայության Eurobarometer կայքում. այն հունիսի 17-ին հրապարակել է մի հետազոտություն, որի համար հիմք հանդիսացող հարցումն անց է կացվել մարտին: ԵՄ յուրաքանչյուր երկրում հարցմանը մասնակցել է 1000 մարդ:

Պարզվում է` ԵՄ անդամ պետություններից ամենաշատը հենց էստոնացիներին է անհանգստացնում հատկապես ներգաղթի հիմնախնդիրը: Այն ԵՄ գլխավոր խնդիրն է համարում էստոնացիների համարյա երկու երրորդը (62%): Էստոնական ցուցանիշը ԵՄ տարածքում ամենաբարձրն է, իսկ եվրոպական միջին ցուցանիշ է գրանցվել 38%-ը: Ներգաղթը գլխավոր խնդիր են համարում նաև Չեխիայում (58%), Հունգարիայում (56%), Մալթայում (55%) և Դանիայում (54%): Մինչդեռ Պորտուգալիայում (16%), Խորվաթիայում (26%), Իսպանիայում (27%), Բրիտանիայում և Ռումինիայում (29-ական %) կարծես դրանից այնքան էլ չեն վախենում:

Էստոնացիները եվրոպական միջինից բարձր են գնահատում նաև ահաբեկչության հիմնախնդիրը (35%), իսկ Եվրամիության միջին ցուցանիշը 29% է:

Ահաբեկչությունն ամենաշատը մտահոգում է մեկ այլ մերձբալթյան հետխորհրդային երկրի` Լիտվային (49%): Այնուհետև գալիս են Չեխիան (47%) և Կիպրոսը (44%): Ամենաքիչը դրանից անհանգստանում են Ավստրիայի (20%), Նիդեռլանդների (21%), Իտալիայի (22%), Բելգիայի, Գերմանիայի և Շվեդիայի (24-ական %) բնակիչները: