Իսկ Թրամփը տեղյա՞կ է, որ միջնադարում Ղրիմը կոչել են Ծովային Հայաստան

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱԿԵ՞Լ Է, ԹԵ՞ ԻՐՈՔ ՂՐԻՄԸ ՌՈՒՍԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Մինչ հունիսի 14-ին Մոսկվայում տեղի էր ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացումը, և աշխարհի ուշադրությունը Ռուսաստանին էր սևեռված, մամուլը թարմացրեց Կանադայում տեղի ունեցած G7-ի վեհաժողովի որոշ մանրամասներ:
 
Պարզվում է՝ Կանադայում Թրամփը հայտարարել է, թե Ղրիմը ռուսական է: Իսկ դա հիմնավորել է նրանով, որ այնտեղ բոլորը ռուսերեն են խոսում: (Նման հիմնավորումով կարելի է ասել, թե Միացյալ Նահանգները Անգլիա է, իսկ ամբողջ Լատինական Ամերիկան՝ Իսպանիա, մի քիչ էլ Պորտուգալիա: Իսկ Թրամփը տեղյա՞կ է, որ միջնադարում Ղրիմը կոչել են Ծովային Հայաստան): 
 
Դրանից բացի՝ Թրամփը քննադատել է Ուկրաինայի  ղեկավարությանը: Buzzfeed պարբերականը նշել է, թե այնքան էլ պարզ չէ՝ նման ակնարկները Ղրիմի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման փոփոխությո՞ւն են նշանակում, թե գուցե ուղղակի կատակ են: Բայց եթե կատակ չեն, այդ դեպքում ի՞նչ է նշանակում Թրամփի հետևյալ միտքը, որն արտահայտել է Կանադայում. 
 
- Օբաման կարող է ասել ինչ կուզի, սակայն նա թույլ է տվել, որ Ռուսաստանն իրեն միացնի Ղրիմը: 
 
Մի բան, սակայն, ԱՄՆ նախագահը թերևս ամենայն լրջությամբ է ասել. վեհաժողովի ժամանակ առաջարկել է ՌԴ-ն վերադարձնել G7- կազմ: Դրան, սակայն, խիստ դեմ են եղել Յոթի խմբի մի շարք երկրների առաջնորդներ: Եվ ընդհանրապես՝ բոլոր երկրներն էլ Թրամփի վրա մի քիչ բարկացել են. չէ՞ որ ամերիկյան կողմը հրաժարվել էր ստորագրել հանդիպման ամփոփիչ հայտարարագիրը: Հնարավո՞ր է, որ դրա պատճառը ՌԴ-ի նկատմամբ տարաձայնությունները լինեն: Սա քիչ հավանական է թվում, քանի մինչև օրս եվրոպական երկրները կարծես թե Ռուսաստանի նկատմամբ քաղաքականություն էին վարում հիմնականում ԱՄՆ-ի թելադրանքով:  
 
Այնուամենայնիվ՝ Միացյալ Նահանգներում ըստ երևույթին փորձ է արվում շփումների դուռ բացել Ռուսաստանի հետ: Այս օրերին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, թե հնարավոր է, որ երկու երկրների նախագահները հանդիպեն բանակցելու:
 
Երևում է՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումն այս տեսանկյունից ոգևորիչ է եղել: Արդեն նաև հաղորդվում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել՝ հենց որ ամերիկյան կողմը դրան պատրաստ լինի: Անգամ  Սպիտակ տունն արդեն հայտարարել է, թե նման հանդիպման հարթակներից մեկը համարում է Ավստրիան: Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլերը մի քանի շաբաթ առաջ ինքն էր առաջարկել նման դեր ստանձնել: