Կոսովոյին հովանավորելով՝ Եվրոպան շահո՞ւմ է

Եվրամիության կազմում հայտնվելու փափագ ունի նաև Սերբիան, որտեղ ոչ վաղ անցյալում իսկական պատերազմ էր ընթանում քրիստոնյաների ու մահմեդականների միջև: Այժմ էլ իր անկախությունը Արևմուտքի օժանդակությամբ հռչակած Կոսովոն Սերբիա պետության համար անվերջ խնդիրների մի անսպառ «շտեմարան» է, և դա երևում է նաև այս գործում: Բրյուսելը Բելգրադին բազմիցս հասկացրել է, որ Եվրամիության դռները նրա առջև կբացվեն միայն այն ժամանակ, երբ կճանաչի Կոսովոյի անկախությունը:
 
Այն բանից հետո, երբ վերջերս Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, թե Կոսովոյի ճակատագիրը պետք է սերբ ժողովուրդը վճռի, իրար հետևից նրան են այցելել եվրոպական բազմաթիվ պաշտոնյաներ: Նախ Բելգրադ են ժամանել ԵՄ հարևանության և ընդլայնման եվրոպական քաղաքականության գծով հանձնակատար Իոհաննես Հանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները, այնուհետև տեղ է հասել Մեծ Բրիտնիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը: Կարճ ժամանակում երկու անգամ Բելգրադ է ժամանել արտասահմնյան գործերի և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որին հաջորդել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի այցը:
 
Եվ ուրեմն զարմանալի չէ, որ Սերբիայում խոսում են, թե Կոսովոյի հարցում Արևմուտքը իրենց վրա ճնշումներ է գործադրում: Սերբիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Նիկոլա Սելակովիչը համոզված է՝ ճնշում գործադրող այդ «միաջազգային խաղացողները» Կոսովայում և Մետոխիայում ապրող մարդկանց ճակատագրերի հանդեպ միանգամայն անտարբեր են: Այդ մասին նա հայտարարել է երեկ՝ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում: 
 
- Կոսովայի հարցում Սերբիան ենթակա է ԵՄ-ի մշտական արտաքին ճնշմանը: Այո, միանգամայն ճիշտ է, որ նախագահ Վուչիչն այնպիսի քաղաքականություն է վարում, որը առավելագույնս ուղղված է Սերբիայի շահերին՝ որպես պետության, սերբերի՝ որպես Կոսովոյում և Մետոխիայում ապրող ժողովրդի շահերին, այդ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և գոյատևմանն իր պատմական տարածքում: Իհարկե, կան այնպիսիք, ովքեր նման քաղաքականությանը համամիտ չեն, ում համար գործերի նման դրվածքը խոչընդոտ է: Նրանք պատրաստ են գործադրել ճնշման ցանկացած տեսակ, որպեսզի նախագահ Վուչիչին՝ որպես Սերբիայի անկման ծանրակշիռ խոչընդոտի, հարկադրեն հետևելու իրենց կամքին, որը միանգամայն անտարբեր է Կոսովայի և Մետոխիայի ժողովուրդների ճակատագրերի հանդեպ,- հայտարարել է Սելակովիչը: 
 
Այստեղ անկարելի է անտեսել Թուրքիայի դիրքորոշումը: Կոսովոյի մահմեդակաների անկախության ամենամեծ ջատագովը ինքն է, և այժմ էլ այնտեղ տեղի ունեցող գործընթացներին ժամանակ առ ժամանակ այնպես է միջամտում, ասես թելադրողն ինքն է: Եվրամիությունը Թուրքիային իր կազմի մեջ չի ընդգրկում, սակայն ձգտում է Կոսովոյում այնպիսի պայմաններ ստեղծել, որը ամուր հող է նախապատրաստում մի քանի տարի անց ամբողջ Եվրոպան նման «անկախական» շարժումների դաշտ դարձնելու համար: 
 
Արդեն այժմ աշխարհում տիրող անհանդուրժելի իրադարձությունների պատճառով Եվրոպայում այնքան մահմեդականներ են հայտնվել, որ երևի շուտով տեղացիների թիվը կգերազանցեն: Ու անպայման անկախություն կպահանջեն, քանի որ նրանցից շատերի գիտակցության մեջ նստած է ծավալվելու, ընդլայնվելու, աշխարհն իրենցով անելու գաղափարը: Իրենց թուրք գիտակցողների պարագայում որ՝ հաստատ: Իսկ թե ինչո՞ւ են Եվրոպայի ապագայի համար պատասխանատուները նպաստում այս հեռանկարին՝ մնում է միայն տարակուսել ու ենթադրություններ անել:
 
Մարդասիրության գաղափարը մերժվում է միանգամից: Եթե դա որևէ չափով առկա լիներ՝ Արցախը վաղուց պետք ոչ թե պարզապես անկախ ճանաչվեր, այլ համարվեր Հայաստանի անբաժանելի մասը, ինչիսին որ եղել է հազարամյակներ շարունակ: