«Խոսքի տեր» Եվրոպան և խոսքը հարգել չիմացող Թուրքիան

Եվրամիությունն իր խոսքի տերն է՝ 2016թ. Թուրքիային խոստացել է 3 մլրդ եվրոյի դրակամական օգնություն հատկացնել (մինչ այդ էլ նույն չափի օգնություն արդեն տրամադրել էր), և դրա սկիզբն արդեն ազդարարվել է:

Այս գործարքի հիմքը երկու տարի առաջ մարտին ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրն է, որի նպատակն է Թուրքիայում զսպել պատերազմի հետևանքով Սիրիայից փախստական դարձած մարդկանց հոսքը, որպեսզի նվազի դեպի Եվրոպա նրանց ներգաղթը:

Հարցը վերջնականապես կարգավորելու նպատակով մարտի 26-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում հանդիպում է նախատեսվում այդ երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի (քանի որ Եվրոպայի խորհրդում այժմ Բուլղարիան է նախագահում), Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև:

Սիրիացի փախստականներին օգնելը, անկասկած, շատ ազնիվ մտադրություն է: Սակայն պակաս ազնիվ չէ սեփական խոսքի տերը լինելը և խոստացած միլիարդները պարտաճանաչ կերպով տրամադրելը: Միայն թե՝ ցանկացած ազնվութուն պետք է հիմքում խելք, տրամաբանության, առողջ դատողություն ունենա: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպիսին էր երեկվա Թուրքիան՝ որքան էլ շատերը երեսպաշտորեն փորձեն չտեսնելու տալ հենց թեկուզ Հայոց ցեղասպանության փաստը:

Իսկ այսօրվա Թուրքիան ուղղակի աչքի առջև է: Այնտեղ մի կողմից դրախտային պայմաններ են ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արյունարբու ավազակների համար, մյուս կողմից ապաստան են տալիս ԻՊ-ականների գործողություններից տուժածներին: Նրանք ներխուժում են անկախ Սիրիայի տարածք և երազում ոչ պակաս արյունարբու օսմանյան կայսրության վերադարձի մասին: Թուրքիայի իշխանությունների համար խոստումը մի՞թե որևէ արժեք ունի:

Հետաքրքիր է՝ Թուրքիան իր կազմում ընդգրկելուց հրաժարվող ԵՄ-ն որևէ երաշխիք ունի՞, որ այդ միլիարդները ծառայելու են փախստականների կարիքները հոգալուն, այլ ոչ թե, օրինակ, զենք ու հարձակման միջոցներ են դառնալու իսլամիստ ահաբեկիչների ձեռքերին:

ԵՄ-Թուրքիա այս գործարքում, իհարկե, առողջ դատողություն չկա: Բայց քանի որ դժվար է ենթադել, թե նման միջոցներ տրամադրվում են առանց որևէ դատողության, մնում է եզրակացնել, որ գործ ունենք խաթարված ու անառողջ մտածողության հետ: Որովհետև եթե ծերուկ Եվրոպան իրեն իմաստունի նման դրսևորեր, այլ ոչ թե զառամախտով տառապողի՝ աշխարհի վիճակը գոնե մի քիչ բարվոք կլիներ, իսկ ապագան՝ շատ թե քիչ լավատեսական հույսեր ներշնչող: