Ի՞նչը կփրկի մարդկությանը

Մարդկությունը Երրորդ համաշխարհային պատերազմից փրկություն կգտնի՝ միայն արեգակնային համակարգության մեկ այլ մոլորակի վրա տեղափոխվելով:
 
Սա կարծիքն է ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի՝ մարդու, ով ստեպ-ստեպ զգուշացնում է, որ արհեստական ինտելեկտը միջուկային զենքերից շատ ավելի վտանգավոր է: «Հարավ-հարավ արևմուտք» համաժողովում նա ասել է, թե Համաշխարհային երրորդ պատերազմի հավանականությունը մեծ է, ուստի մարդկությունը պետք է շտապի գաղութացնել Մարս մոլորակը, և միայն դրա շնորհիվ կկարողանա խուսափել լիակատար ոչնչացումից: 
 
- Եթե պատերազմ սկսվի, կարևոր է, որ Մարսի վրա կարիքներն ինքնուրույն հոգալու հնարավորություն ընձեռող կայան լինի: Լուսնային կայանի համեմատությամբ սրա առավելությունն այն կլինի, որ պատերազմի դեպքում մարդկանց գոյատևելու հավանականությունն առավել կմեծանա: Մենք պետք է այնպես անենք, որ եթե Երրորդ համաշխարհայինն սկսվի, մոլորակից դուրս ինչ-որ տեղ մարդկային քաղաքակրթության բավականաչափ սերմեր լինեն՝ կրկին կյանք վերադառնալու և խավար ժամանակների տևողությունը կրճատելու համար,- Մասկի խոսքերն է փոխանցել «Գարդիանը»:
 
Արդիական հսկա ձեռնարկությունների ղեկավարն այնուհետև խոսել է նման գաղութի կառուցմանն անհրաժեշտ հսկայածավալ գործնական միջոցների մասին: Ըստ նրա՝ SpaceX ընկերությունն այժմ փորձում է ստեղծել այնպիսի փոխադրամիջոց, որը կկարողանա մարդկանց Մարս հասցնել: Նախատեսվում է 100 մետրանոց այդ հրթիռը փորձարկել արդեն հաջորդ տարի: 
 
Այսպիսով կարելի է ասել՝ Իլոն Մասկն արդեն տվել է ազդանշանը, որը խորտակվող նավից փախչող առնետներին կհուշի պատրաստություններ տեսնել:
 
Իսկ ո՞վքեր կկարողանան Իլոն Մաստի հրթիռով Մարս թռչել, եթե ոչ նրանք, ում մեղքով Երկրին համաշխարհային պատերազմ ու ոչնչացում է սպառնում: Ասել է թե՝ փրկվողն էլ լինելու է մարդկության այն տեսակը, որը քաղաքակրթությունը վերստին կարծանման է տանում: Այնպես որ՝ ավելի լավ կլիներ, եթե Մասկն ու նրա նմանները փորձեին մարդկությանը փրկել հենց  Երկրի վրա: Ու փրկել հատկապես այնպիսի մտածողության ու գործելակերպի տեր մարդկանցից, որոնց պատճառով մոլորակն ու մարդկությունն անընդհատ կործամնան եզրին են հայտնվում: