ԱՄՆ պետքարտուղարը` էթնիկ զտումների մասին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարություն է տարածել, որտեղ Մյանմայում ռոհինջա փոքրամասնության հետ տեղի ունեցածը որակել է էթնիկ զտում:

- Այն, ինչ տեղի է ունենում Ռաքհայն նահանգում, ռոհինջաների նկատմամբ` էթնիկ զտում է: Դրա մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն,-նշել է Թիլերսոնը:

Ժողովրդավարության պատվար երկրի գլխավոր դեմքերից մեկը հատկապես շեշտել է, որ տվյալ ճգնաժամի կարգավորումը ցույց կտա, թե ի՞նչ հաջողությամբ է այդ երկիրն անցում կատարում դեպի առավել ժողովրդավարական հասարակություն: Ու առաջին հերթին` այդ երկրի իշխանությունները պարտավոր են հարգել իր տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների իրավունքները:

Մինչդեռ Մյանմայի իշխանություններն իսլամ դավանող ռոհինջաներին համարում են անօրինական ներգաղթյալներ Բանգլադեշից և չեն ճանաչում քաղաքացիության նրանց իրավունքը` չնայած նրանցից շատերն արդեն մի քանի սերունդ այդտեղ են բնակվում: ՄԱԿ-ի գնահատմամբ` ռոհինջաներն այսօր աշխարհի ամենաշատ հալածվող փոքրամասնություններից մեկն են:
Այս տարվա օգոստոսի 25-ից ռոհինջաների նկատմամբ Մյանմայի իշխանությունների վերավերմունքը կտրուկ սրվեց, երբ «Ռոհինջաների փրկության արականյան բանակ» շարժման գրոհայինները հարձակում գործեցին ոստիկանության 30 հենակետերի վրա: Պատասխան ուժային գործողություններից հարյուրավոր մարդիկ զոհվեցին, 610 հազար բնակիչներ էլ հեռացան Մյանմայից:

ԱՄՆ պետքարտուղարը հիշել է, որ նոյեմբերի 15-ին տարածաշրջանում ինքը հանդիպել է Մյանմայի զինուժի գլխավոր հրամանատարին և տեղի ունեցող աղետների մասին իր անհանգստությունը հայտնել: Ու չի մոռացել շեշտել, որ Վաշինգտոնը կարող է այդ երկրի իշխանությունների նկատմամբ «հասցեական պատժամիջոցների անցնել»: Իսկ առայժմ դրությունը շտկելու նպատակով ԱՄն-ը Մյանմային ֆինանսական օգնություն է ցուցաբերում. արդեն իսկ հատկացվել է 87 մլն դոլար:

Եթե մի քանի հարյուր տարի առաջ նման պատժամիջոցներ Ամերիկայի բնիկներին էթնիկ զտման ենթարկողների նկատմամբ կիրառվեին, այսօր ինչպիսի՞ն կլիներ Թիլերսոնի ներկայացրած պետությունը: Եթե էթնիկ զտումներ բնորոշումը ճշգրտորեն կիրառվեր ցանկացած պետության համար ու առանձնացվեր նաև էթնիկ ներխուժում երևույթի անընդունելիությունը, ի՞նչ տեսք կունենար աշխարհը:

Ասում են` պատմությունը «եթե»-ներ չի սիրում: Անցյալի պատմությունը, այո, «եթե»-ներով չես փոխի: Իսկ ահա ապագան` առանց այդ «եթե»-ների քննության ու արդար գնահատականի, հաստա′տ առավել դաժան ու արյունոտ կլինի: