Ամենատարածված մարդկային բարդույթները


 

Մասնագետները պնդում են, որ մոլորակի ոչ մի բնակիչ լիովին ձերբազատված չէ բարդույթներից: Նույնիսկ նրանք, ովքեր հակառակն են հավատացնում` կամ ստում են, կամ իրենք էլ չգիտեն այդ մասին: Գիտնականները վաղուց են ապացուցել, ու մեզանից յուրաքանչյուրն ինքն էլ գիտե, որ հոգում «հիվանդ տեղ» ունի: Եվ դա օրինաչափ է. բարդույթները ձևավորվում են մեր գիտակցությունից անկախ: Մեծավ մասամբ` հոգեբանական-վարքային դրսևորումներն արտահայտվում են ենթագիտակցության թելադրանքով. այն էլ` վաղ մանկությունից սկսյալ:

Ծավալուն ուսումնասիրությունների արդյունքում բրիտանացի հոգեբաններն առանձնացրել են ամենատարածված բարդույթները: Ահավասիկ.

ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՐԴՈՒՅԹ. Պարզվում է` ցածր ինքնագնահատմամբ տառապում է մոլորակի բնակչության մեծ մասը:

ԴՈՆ ՔԻՇՈՏԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ բնորոշ է մարդկության ուժեղ կեսին: Այս զգացումով համակված տղամարդիկ հակված են իդեալականացնել կնոջը` նրան վերագրելով այնպիսի հատկանիշներ, որոնք տվյալ կինը չունի: Որպես կանոն` նրանք սիրահարված են ոչ թե կոնկրետ այս կամ այն կնոջը, այլ այն կերպարին, որը ստեղծել է իրենց երևակայությունը:

ԴՈՆ ԺՈՒԱՆԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ. Սրանով համակվածները սիրային արկածների, զվարճություն-հաճույքների մշտական որոնումների շրջապտույտում են: Այս մարդիկ որոշակիորեն իրենց նպատակին հասնելով` արագ կորցնում են հետաքրքրությունն արդեն նվաճված կնոջ հանդեպ: Նման այրերի համար գլխավորը հետևյալ կանոնն է. որքան ավելի շատ քանակի սիրային կապեր ունենա` այնքան բարձր է իր տղամարդկային արժեքը:

ՀՐԱՇՔՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ ԱԼԻՍԱՅԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ բնորոշ է այն կանանց, ովքեր ամբողջ կյանքում սպասում են այսպես կոչված «ճերմակ ձիով գեղեցիկ արքայազնին»: Այսպիսի տիկնայք ունակ չեն նորմալ հարաբերություններ ստեղծել: Նրանք մշտապես հիասթափվում են զուգընկերներից` մտածելով, որ նա (նրանք ) չի համապատասխանում կյանքի ընկերոջ իր պատկերացումներին: Իսկ այդ պատկերացումներն ընդամենն այս տիպի կանանց երևակայության ծնունդ են: