ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Մոռացված  ժամացույցի ահազանգը 


 

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 77-ում)

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Հիմա ի՞նչ անենք:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Դուք առայժմ մի´ խառնվեք: Նախ` թողեք ես գնամ և մի քանի օր այնպես` իբր պատահաբար, զբոսնեմ այնտեղ, որտեղ նա սովորաբար որս է անում: Այդպես մի քանի օր աչքին կերևամ, թեթևակի կժպտամ և... հո´պ. առաջին փորձից թե ուռկանս չընկավ, երկրորդ-երրորդից հո չի՞ խուսափի...(Ծիծաղելով բոլորը գնում են):

Լսվում է մեղմ երաժշտություն և ժամացույցի ձայն. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»:

Գալիս են մի երիտասարդ ասպետ` Արեգը, և նրա համհարզը` Սիրակը:

ՍԻՐԱԿ - Այս երկու օրը դու շատ փոխված ես, ասպե´տ:

ԱՍՊԵՏ - Ինձ համար ամբողջ աշխարհն է փոխված:

ՍԻՐԱԿ - Մարմի՞նդ է տկար:

ԱՍՊԵՏ - Սիրտս է խոցված: Խոցված է դաժան, անգութ նիզակով:

ՍԻՐԱԿ - Եվ ե՞րբ դա եղավ:

ԱՍՊԵՏ - Երեկ, կեսօրին, գետակի ափին: Ես նստած էի, և հանկարծ ջրից ելավ մի փերի...

ՍԻՐԱԿ - Հետո՞:

ԱՍՊԵՏ - Հանգիստ մոտեցավ, ինձ թվաց` ժպտաց: Եվ կարծես երկար նիզակ կար ձեռքին:

ՍԻՐԱԿ - Եվ խոցե՞ց նա քեզ:

ԱՍՊԵՏ - Նա իր ողջ ուժով նիզակը խրեց ուղիղ սրտիս մեջ, սիրալիր ժպտաց, ապա հետ քաշեց:

ՍԻՐԱԿ - Դու ինչ-որ դաժան երազ ես տեսել:

ԱՍՊԵՏ - Ու երբ հետ քաշեց, տեսա, որ սիրտս նա իր սլաքի ծայրին է առել:

ՍԻՐԱԿ - Այդ պատճառո՞վ ես այսպես մտահոգ:

ԱՍՊԵՏ - Եթե տեսնեիր` ինչպե˜ս է սիրտս թպրտում նրա նիզակի վրա...

ՍԻՐԱԿ - Ի՞նչ արեց ապա:

ԱՍՊԵՏ - Ապա նա գնաց` սիրտս շամփրած:

ՍԻՐԱԿ - Եղել է պատրանք. զուր մի´ վշտանա:

ԱՍՊԵՏ - Չէի վշտանա, եթե դա լիներ իսկապես պատրանք, և չտեսնեի այլևս նրան: (Անսպասելիորեն կանգնում է): Նայի´ր. ահա նա: (Համհարզը նույնպես կանգնում և ուշադիր նայում է): Ո՞ւմ վրաններն են այնտեղ, չգիտե՞ս:

ՍԻՐԱԿ - Եթե թույլատրես, իսկույն կիմանամ:

ԱՍՊԵՏ - Գնա´, շո´ւտ արա: (Համհարզը գնում է: Արեգը խոսում է` անթարթ հայացքը ուղղած հեռուն): Ո՞վ ես դու արդյոք, որտեղի՞ց եկար, ո˜վ գեղեցկուհի: Երկնքի՞ց իջար, թե կյանք ես առել այս ծաղիկներից: (Լարված, աշխարհից ու ինքն իրենից վերացած` շարունակում է նայել): Ա˜խ, դու այդ որքա˜ն անուշ ես ժպտում: Երա՞զ ես, տեսի՞լք, թե՞ մարդ-հրեշ տակ: (Տիրում է կարճատև լռություն): Շտապի´ր, Սիրակ, հետ դարձիր արագ. էլ չեմ համբերում: (Քիչ անց վազելով գալիս է Սիրակը):

ՍԻՐԱԿ - Նրա անունը Մարի է, ասպե´տ: Իշխանուհին է Ցնորք ամրոցի:

ԱՍՊԵՏ - Ցնորք ամրոցի ցնորք դիցուհի...

ՍԻՐԱԿ - Ինչո՞ւ ես այդպես հուզվում, իմ ասպետ, կարող ես գնալ և ասպետաբար նրա հետ խոսել:

ԱՍՊԵՏ - Սիրտս անսովոր մի վախ է մտել:

ՍԻՐԱԿ - Քեզ նման քաջի՞:

ԱՍՊԵՏ - Եթե տեսնեիր` սիրտս ինչպես է նրա նիզակի վրա թպրտում...

ՍԻՐԱԿ - Տեր Աստված, մի՞թե խոսում է ինձ հետ Արեգ ասպետը:

ԱՍՊԵՏ - Թե նրան գտնես, ինձ մոտ կբերես:

ՍԻՐԱԿ - Ո՞ւմ` նրան, իշխան:

ԱՍՊԵՏ - Արեգին, Սիրա´կ, Արեգ ասպետին:

ՍԻՐԱԿ - Աստված է վկա, դու կախարդված ես:

ԱՍՊԵՏ - (Հայացքը Մարիից չկտրելով) Ես ամբողջ հոգով տենչում եմ նրան, և իմ մտքի մեջ միմիայն նա է: Ուզում է գնալ... Ո´չ, էլ չեմ կարող... Սպասիր մի պահ: (Գնում է Մարիի կողմը: Նրա հետևից գնում է նաև համհարզը):

Քիչ անց գալիս են Իշխանուհին`և Նանեն:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Եվ տեսա` դանդաղ, վեհերոտությամբ ինձ է մոտենում: Ու հավատա, որ պարզ լսում էի` ինչպես է նրա սիրտը բաբախում: Եթե իմանաս` ինչ երանելի պահ էր ինձ համա˜ր...

ՆԱՆԵ - Հետո՞, տիրուհի, ի՞նչ եղավ հետո:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - «Ասպետական ողջույն` չքնաղ իշխանուհուն»,- շիկնելով ասաց, գլուխ խոնարհեց… Ապա զգացի, որ կամենում է սեր խոստովանել, բայց երբ ինձ նայեց, լեզուն կարկամեց: «Օրիորդ գեղանի,- ասաց երկյուղած,- չե՞ս ասի, թե որ կողմով են գնում դեպի Ձորավան»: «Այս կողմով»,_ ասի:

ՆԱՆԵ - Բայց դու, տիրուհի, դու ինչո՞ւ նրան իսկույն չասացիր, որ նույն կրակը և քեզ է այրում:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Օ˜, դա մի շատ նրբին խաղ է, հարգելիս: Ամեն բան ունի իր ժամանակը:

Գալիս է մի պաշտոնյա` Սենը:

ՊԱՇՏՈՆՅԱ - Ազնի´վ տիրուհի, Սիրակ անունով ինչ-որ մի համհարզ բերել է երկտող` ընդունելություն հայցելով այսօր: (Իշխանուհին և Նանեն անակնկալի եկած, նայում են իրար):

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Հիմա կիմանանք ով է ուղարկել…

Գնում է: Նրա հետևից գնում են նաև մյուսները: Կարճ ժամանակ անց գալիս են Արեգը և Սիրակը:

ԱՍՊԵՏ - Ինչպե՞ս: Միանգամից մերժե՞ց: Ասաց` չե՞մ վերցնում:

ՍԻՐԱԿ - Ո´չ, ասպետ: Նախ հաղորդեց, որ սպասեմ մի քիչ:

ԱՍՊԵՏ - (Անհամբերությամբ) Հետո՞:

ՍԻՐԱԿ - Քիչ հետո եկավ սպասավորը և ասաց. «Օրիորդը այսօր հոգնած է սաստիկ»: «Հե՞տ դառնամ»,- ասի: Իսկ նա թե. «Մի քիչ, կուզես, սպասիր»: Գնաց ու եկավ. «Երկտողը տուր ինձ, ինքս կտանեմ»:

ԱՍՊԵՏ - Դու չտվեցի՞ր:

ՍԻՐԱԿ - Տվեցի, սակայն քիչ անց հետ բերեց, թե. «Օրիորդը հիմա ժամանակ չունի. դու վաղը արի»: Այն է, ես արդեն, խիստ վիրավորված, հետ էի դառնում, երբ ինձ մոտեցավ մեկ այլ ծառայող: «Ներողություն է խնդրում տիրուհին սպասեցնելու համար անտեղի,_ ասաց սիրալիր: _ Ուր որ է հիմա նա քեզ կընդունի»:

ԱՍՊԵՏ - Սակայն չընդունե՞ց:

ՍԻՐԱԿ - Բավական երկար ես սպասեցի, ապա, տեսնելով, որ հույս էլ չկա, գլխիկոր դարձա:

ԱՍՊԵՏ - Մի՞թե նա այդպես ինձ ձեռք է առնում: (Լսվում է ձիու խրխինջ: Արեգն ու Սիրակը նայում են ձայնի կողմը: Գալիս է Սենը` որպես դեսպան):

ԴԵՍՊԱՆ - Ասպե´տ քաջարի, հայցում է ներում մեծն տիրուհին, որ ամոթալի թյուրիմացություն եղավ այսպիսի:

ԱՍՊԵՏ - Թյուրիմացությո՞ւն:

ԴԵՍՊԱՆ - Այո, ազնիվ այր: Չկար և ոչ մի պատճառ: Տիրուհին ասաց, որ ներողություն իր կողմից խնդրեմ և երկտողն ինքս քեզնից վերցնեմ:

ԱՍՊԵՏ - (Մտախոհ) Ինչ-որ բան ինձ դուր բնավ չի գալիս, բայց որ օրիորդը այդպես է ուզում, երկտողը ինքդ նրան փոխանցիր: (Երկտողը տալիս է դեսպանին):

ԴԵՍՊԱՆ - (Վերցնելով և գլուխ խոնարհելով) Ներում եմ հայցում, բարեսիրտ ասպետ, մեկ անգամ ևս:

Սենը գնում է: Գնում են նաև Ասպետն ու Արեգը:

Գալիս են Իշխանուհին, Նանեն, Գոռոզությունը, Հրապուրանքը, Սեթևեթանքն ու Կախարդանքը: Գոռոզությունը կարդում է ասպետի երկտողը:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - «...Ու ես հիմա, ամբողջովին քեզանով տարված, միայն քո սերն է, որ փափագում եմ, օրիորդ: Իմ սիրտը, առջևդ ծնկած, քո սերն է խնդրում ասպետաբար... Քո գեղեցկությամբ ես կախարդված եմ կարծես… Եվ իմ կյանքը առանց քեզ ոչինչ է»:

ՆԱՆԵ - (Իշխանուհուն) Դե, ժամանակ մի´ կորցրու. պատասխանիր անմիջապես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ- (Մտորելով) Բայց ի՞նչ պատասխանեմ:

ՆԱՆԵ - (Զարմացած) Ինչպես թե` ի՞նչ: Դու չէիր ուզում, որ…

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Դե, ես հո չեմ ասում` չեմ ուզում: Պարզապես...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Ես չեմ թողնի, որ առաջին իսկ առաջարկությունն ընդունի:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Դա´ էր պակաս:

ՆԱՆԵ - Ի՞նչ անի հապա: Ախր այդքան ժամանակ...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Չգիտեմ… Ինքս էլ չգիտեմ` ի՞նչ անեմ…

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Մերժի´ր:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Չէ, ավելի լավ է` մի քանի օր դեռ սպասի: Պատասխան չտա:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Հետո՞:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Հետո ասպետը կհիշեցնի, որ պատասխանի է սպասում:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Հետո՞:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Հետո կասես, որ պատասխանել ես, բայց... սուրհանդակը տեղ չի հասել:

ՆԱՆԵ - Հետո՞:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Հետո կպատասխանի: Մի երկտողով կասի, որ մերժում է: Մյուսով` որ չի կողմնորոշվել: Երրորդով...

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - (Կարծես մտքում ինչ-որ միտք է փայլատակել): Լսեք... Իսկ եթե դրա փոխարեն պարզապես մի ներկայացում սարքե՞նք:(Բոլորը նայում են նրան):

ԿԱԽԱՐԴԱՆՔ - Ներկայացո՞ւմ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Հա´: Մի լավ ներկայացում. խանդի տեսարան: Արևս վկա, ոչինչ այդպիսի արդյունք չի տալիս:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - (Իշխանուհուն) Հը՞, ի՞նչ կասես: Կարծես վատ բան չմոգոնեց:

ՆԱՆԵ - Աստված կսիրեք, դրա ժամանակը չէ:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Ճի´շտ ժամանակն է: Ճի´շտ:

Բոլորը գնում են: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»:

Գալիս են Արեգը և Սիրակը:

ԱՍՊԵՏ - (Խռովքով) Նա ինձ իր ձեռքով գինի մատուցեց և ապա ժպտաց կողքիս իշխանին:

ՍԻՐԱԿ - Դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ասպետ:

ԱՍՊԵՏ - Եթե տեսնեիր` ի˜նչ ջերմությամբ էր խոսում նրա հետ...

ՍԻՐԱԿ - Բայց չէ՞ որ ինքն էր հրավիրել քեզ:

ԱՍՊԵՏ - Երբ զգաց, որ ես, սաստիկ վրդովված, արդեն ուզում եմ թողնել հեռանալ, ասաց, որ անչափ հաճելի է իմ ներկայությունը:

ՍԻՐԱԿ - Ի՞նչ կուզես ավել:

ԱՍՊԵՏ - Երբ ակնարկեցի, որ մինչ օրս դեռ չի պատասխանել, ասաց, որ թեև ինձ շատ հարգում է, սակայն չի կարող ընդունել ազնիվ իմ առաջարկը:

ՍԻՐԱԿ - Գուցե փորձե՞լ է:

ԱՍՊԵՏ - Եվ հետո այնպես քաղցրությա˜մբ նայեց...

ՍԻՐԱԿ - Հետո՞...

ԱՍՊԵՏ - Չգիտեմ, Սիրակ: Բան չեմ հասկանում: Գուցեև գինու ազդեցությունն էր. ընդհարվեցի ես այն իշխանի հետ, թողեցի եկա:

Լսվում է ձիու դոփյուն: Գալիս է Իշխանուհու դեսպան Սենը:

ԴԵՍՊԱՆ - (Արեգին) Իշխանուհին, ասպետ, ներում է խնդրում, որ հրավերքը հանկարծ այսպիսի ընթացք ունեցավ:

ԱՍՊԵՏ - Հաղորդիր նրան, որ մեղավոր եմ ինձ զգում նույնքան:

ԴԵՍՊԱՆ - Եվ ասաց, որ շատ ցավում է հիմա քո սերը իզուր մերժելու համար:

ԱՍՊԵՏ - Հաղորդիր, որ իր ցավը չնչին է իմ ցավի առաջ:

ԴԵՍՊԱՆ - Ու ասաց նաև, որ մտածելու ժամանակ դու տաս… Թեև չի կարող, մեկ է, չմերժել... (Կարճատև դադար) Բայց ասաց նաև, որ քեզ պես ասպետ ինքը չի տեսել... (Արեգը և Սիրակը տարակուսած նայում են իրար: Արեգը հանկարծ փոխվում է: Զգացվում է, որ ներքուստ սաստիկ վրդովվում է: Նրա մեջ գլուխ է բարձրացնում վիրավորված ինքնասիրութ յունը: Դառնում է խստաբարո):

ԱՍՊԵՏ - (Դեսպանին) Գնա´ և հայտնի´ր քո իշխանուհուն, որ ես կարող եմ գլուխ խոնարհել իմ սիրո առաջ: Կարող եմ ծնկել, կյա´նքս տալ իրեն, սակայն կամակոր խաղերը նման չեմ տանի բնա´վ:

ԴԵՍՊԱՆ - Ասպե´տ...

ԱՍՊԵՏ - Բա´վ է: Ավարտվեց: Ես չեմ հանդուրժի, որ սերն իմ դառնա խաղի առարկա:

ԴԵՍՊԱՆ - Ասպե´տ...

ԱՍՊԵՏ - (Բղավելով) Լռի´ր, անպատկառ, երբ խոսում եմ ես: (Դեսպանը խեղճացած լռում է): Ուրեմն, հայտնի´ր քո իշխանուհուն, որ, սիրելուց զատ, իմ սիրտը գիտի նաև չսիրել: Որ, հարգելուց զատ, իմ սիրտը գիտի նաև չհարգել: Որ մեծարելո´ւց, պաշտելո˜ւց բացի, նա գիտի նաև... խիստ արհամարհել:

Արեգը և Սիրակը գնում են աջ կողմով, դեսպանը`` ձախ:

Քիչ անց գալիս են Իշխանուհին, Գոռոզությունը, Հրապուրանքը, Սեթևեթանքը, Կախարդանքը և Սենը: Զգացվում է, որ վերջինս կատարվածի մասին արդեն հաղորդել է:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Ինչ-ի˜նչ...

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Ոչինչ. ինձ տեսավ թե չէ, նորից կդառնա նույն հունցած կավը:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - (Հեգնանքով) Հիմա արդեն ես նրա համար մի յուրահատո˜ւկ ձևով կնազեմ: (Գայթակղիչ նազանքով քայլում է):

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Իսկ կարո՞ղ է հանկարծ...

ԿԱԽԱՐԴԱՆՔ - Չհավատաս: Իմ ճանկերից ազատվելն այդքան դյուրին չէ: Պարզապես վիրավորվել է, տաքացել: Հանգստանա, կանցնի:

Վարագույրը դանդաղ փակվում է:

(Շարունակելի)