Ամենահարուստ ասվածն էլ հարաբերական է
Հանրահայտ Forbes հանդեսն այս անգամ դասակարգել է Չինաստանի ամենահարուստ գործարարներին: 2012-ին նրանց ցանկը գլխավորում է ոչ ոգելից ըմպելիքների WΖhΖhΖ արտադրության հիմնական բաժնետեր Ցզուն Ցինխոուն: Նրա կարողությունը գնահատվել է 10 միլիարդ դոլար:
Այս թիվը կարող է նույնիսկ ծիծաղելի թվալ ուրիշ երկրների ամենահարուստների համար: Դիցուք, ամենահարուստ ռուսաստանցի Ալիշեր Ուսմանովի ունեցվածքը նույն Forbes-ը «հաշվարկել» է 18,1 միլիարդ դոլար: Իր 10 միլիարդով Ցզուն Ցինխոուն Ռուսաստանում չէր հայտնվի վարկանիշային ցանկի նույնիսկ առաջին տասնյակում: Նա կգրավեր 12-րդ հորիզոնականը` «Եվրոքիմ»-ի համասեփակատեր Անդրեյ Մելնիչենկոյի և նավթարդյունաբերական Gunvor-ի համասեփականատեր Գենադի Տիմչենկոյի հետ համատեղ:
Ամերիկյան Forbes-ի այս ցանկում ընդգրկված 100 ամենահարուստ գործարարներից ամենաաղքատները 1,08 միլիարդ ունեցողներն են:
Հետաքրքիր է, թե ինչ պատկեր կգրանցի հանդեսը, եթե մի օր էլ որոշի հաշվարկել հայաստանցի բացահայտ և գաղտնի օլիգարխների կարողությունը: Ցանկը երևի շատ մեծ չի լինի, բայց ունեցվածքները…





