«Նաիրիտը» «պայթեց» անգործությունից

«Նաիրիտում» երեկ տեղի ունեցած պայթյունը բոթաբեր էր ոչ միայն վտանգավորության տեսակետից, այլ նաև մեր տնտեսության զարգացման հեռանկարներից մեկի կորստյան առումով:

Անհարկի հոսետեսություն չէ այս կարծիքը, որովհետև եթե անխաթար պահպանված ձեռնարկությունը 7 տարի պարապուրդի էր մատնված, և այն վերագործարկելն անհնարինության չափ դժվար էր համարվում, հիմա արդեն դա կարելի է նաիրիտցիների կորսված երազանքը համարել: Մինչդեռ անտերունչության ճիրաններից քիմհսկան ժամանակին դուրս բերելու դեպքում այն տե՛ր կունենար, և որևէ աղետ հազիվ թե պատուհասեր:
 

Վերջիններս պայքարում էին` երբեմնի քիմիական հսկան վերակենդանացնելու պահանջով: Նրանց նոր հույսեր էր ներշնչել այն լուրը, որ ՀՀ կառավարությունը չի մերժել  եվրոպական հոլդինգի առաջարկը, և «Նաիրիտի» օգտին ներդրումներ կատարողները ժամանել են Հայաստան։ Սակայն… Հիմա նրանք կկամենա՞ն ավերակներ վերականգնել:

Իհարկե, դեռ կպարզվեն աղետի պատճառները, կորուստի չափերը: Սակայն դա կվերականգնի՞ իրական կորուստը, կամ կփարատի՞ արդեն իսկ հչող կասկածները, թե հրդեհը կանխամտածված դիտավորություն էր: Վերջին  քառորդ դարում ձեռնարկությունը սնանկացման անդունդը գլորողների անուններն էլ հայտնի էին, ու գաղտնիք չէր, որ դրա ղեկավարումը ստանձնածները բարձրաբարձր աշխատավարձեր ստանալով հանդերձ` ոչ միայն արտադրությունը չէին վերականգնել, այլև աշխատողներին տրվելիք գումարներն էին պետությանը ու հեռացել` թևավոր խոսք դարձած` «Մավրը իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ» շիլլերյան տողի հանգույն:

Հրդեհի հետ կապված միակ մխիթարանքն այն է, որ զոհեր ու լրջորեն տուժածներ չկան. ծխահարված հրշեջների առողջությանը վտանգ չի սպառնում: Փոխարենը` հրդեհը «Նաիրիտի» վերագործարկմամբ հայաստանյան տնտեսությունը վերականգնելու իրատեսական մի մեծ հնարավորություն լափեց: