Թրամփի գնդակահարված ականջը՝ որպես նոր Ամերիկայի խորհրդանիշ

ԻՆՉՈՎ Է ԴԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ

Համաշխարհային հանրությանը հուզել է ԱՄՆ նախագահական ընտրարշավի ֆավորիտ, նախկին (ապագա՞) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարձակումը:
 
Համաշխարհային տեղեկատվական հոսքերը բառացիորեն ողողված են լուսանկարներով և տեսանյութերով, որտեղ, Փենսիլվանիայում նախընտրական ելույթի ժամանակ, Թրամփի վրա կրակում է դեմոկրատների մոլի երկրպագու, քսանամյա հրաձիգ Թոմաս Մեթյու Քրուքսը: Մահափորձի արդյունքում R-15 հրացանից արձակված գնդակը խոցել է Թրամփի աջ ականջը։
 
Իրադարձությունն, անշուշտ, դուրս է գալիս զուտ ամերիկյան նորությունների շրջանակներից, և արդեն համաշխարհային խոշոր պետությունների գրեթե բոլոր առաջնորդները դատապարտել են Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։
 
Հիմա չեմ խորանա դավադրությունների տեսությունների մեջ, առավել ևս՝ չեմ խորանա միջազգային քաղաքականության բարդ շրջադարձերի մեջ, բայց Թրամփի գնդակահարված ականջն առարկայական ապացույց է այն փաստի, որ ԱՄՆ-ն ապրում է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ներքաղաքական խոշորագույն ճգնաժամերից մեկը։
 
Իհարկե, ամերիկյան հանրապետականներն այժմ առավելագույնս կգովազդեն Թրամփին՝ որպես ԱՄՆ շահերի համար մարտիկի կերպարի, որին հակադրվում են համաշխարհային անդրկուլիսյան շրջանակները՝ հոգեմետ դեղամիջոցներից հիմարացված Ջո Բայդենի գլխավորությամբ, իսկ Թրամփի գնդակահարված ականջը կդառնա ԱՄՆ նախագահական ընտրությունների խորհրդանիշը։
Արդեն մահափորձից հետո անցկացված հարցումների համաձայն՝ Թրամփը գերազանցում է Բայդենին։
 
Այսպես՝ Թրամփ՝ 66%, Բայդեն՝ 15%, Քամալա Հարիս՝ 10%:
 
Սա թույլ է տալիս խոսել այն մասին, որ Թրամփը ԱՄՆ նախագահ դառնալու շանսեր ունի՝ ինչպես երբեք։ Չնայած, իհարկե, չի կարելի բացառել հօգուտ Բայդենի ֆորս-մաժորային որոշակի իրադարձություններ։
 
Սակայն մեզ համար հարցը պետք է դիտարկել մի փոքր այլ հարթության մեջ։
Ինչ է խոստանում հայերին և Հայաստանին Թրամփի գնդակահարված ականջը՝ որպես նրա հնարավոր նախագահության խորհրդանիշ։
 
Թրամփն ավանդաբար կենտրոնանում է «Ամերիկան ամերիկացիների համար» գաղափարի առաջխաղացման վրա, ինչը դրսևորվում է հանրապետականների քաղաքականության մեջ՝ իրենց ջանքերն ավելի շատ մեկտեղելու ներամերիկյան խնդիրների վրա՝ շեշտը դնելով համաշխարհային նավթագազային ոլորտում գերիշխանության վրա:
 
Միևնույն ժամանակ, հանրապետականները և անձամբ Դոնալդ Թրամփը հեռու են ցանկացած ժողովրդավարական «քաղպոռնոգրաֆիայից», որն արտահայտվում է աշխարհում հոգեբանական շեղումների օրինականացման գաղափարների առաջմղմամբ՝ որպես ամերիկյան տարբերակով «իսկական ժողովրդավարության» նշիչ։
 
Ավելին, Թրամփը փաստորեն դարձել է առաջինը ամերիկացի քաղաքական գործիչների «թոփ-պահունակից», որոնք կոշտ քննադատում են դեմոկրատների կողմից ԱՄՆ-ում միասեռական և տրանսգենդերային օրակարգի օրինականացումն ու առաջխաղացումը:
 
Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է Թրամփի և ԱՄՆ Հանրապետական կուսակցության թրամփամետ վերնախավի վերաբերմունքը հայկական հարցի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։ Ըստ էության, ոչ մի, բացառությամբ, թերևս, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության վերաբերյալ մշտական հայտարարությունների։
 
Թրամփն ավելի հակված է Հայկական հարցը կամ Հայաստանի հետ փոխգործակցության հնարավորությունները դիտարկել ամերիկացիների կողմից Իրանին սկզբունքորեն չընդունելու համատեքստում:
 
Ավելին, Թրամփն առավել հակված է թուրքամետ և ադրբեջանամետ քաղաքականություն վարելուն, քանի որ բացի ադրբեջանական գազի և նավթի նկատմամբ հետաքրքրությունից, նա Թուրքիային և Ադրբեջանին դիտարկում է որպես տարածաշրջանային հիմնական գործոններ, որոնք կարող են զսպել կամ ճնշում գործադրել Իրանի վրա:
 
Իսկ արտաքին քաղաքականության մեջ Թրամփի հստակ արտահայտված սկզբունքային իսրայելամետ դիրքորոշումը պետք է ընդհանրապես բացառի հայկական կողմի պատրանքները։ Այսինքն՝ հանրապետականներն ու անձամբ Դոնալդ Թրամփը համառորեն չեն տեսնում Հայաստանը և երաշխավորված գործելու են հայկական պետության թշնամիների կողմից։
 
Եվ եթե դեմոկրատներն իրենց հակահայկական, ադրբեջանամետ դիրքորոշումը փորձում էին վիզուալ առումով, կարծեք թե, «հավասարակշռել» հանուն «ժողովրդավարության»՝ Հայաստանի իշխանությունների հետ ակտիվ փոխգործակցությամբ, ապա Թրամփն ակնհայտորեն ոչ մեկի «գլուխը չի լվանա» և իր թուրքամետ քաղաքականությունը կվարի շատ ավելի ագրեսիվ ու թափանցիկ՝ առանց որևէ քաղաքական նեոլիբերալ շղարշի։
 
Մի խոսքով, Թրամփի գնդակահարված ականջը, որպես նոր Ամերիկայի խորհրդանիշ, չի կարելի ամերիկյան քաղաքականության մեջ Հայկական հարցի արդարացի ընկալումն առաջ մղելու համար դրական գործոն համարել:
 
Աղբյուր՝ Sputnik Արմենիա