Փաստաբանական հակազդեցություն
ԻՍԿԱՊԵ՞Ս ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ ԵՆ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՎՍՏԱՀՈՐԴՆԵՐԸ
Երեկվանից «Սասնա ծռերի» փաստաբանները խոսում էին գործադուլ անելու իրենց մտադրության մասին: Իսկ այսօր Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը Sputnik Արմենիային տեղեկացրել է, որ արդեն նախանշված է գործադուլի սկիզբը՝ սեպտեմբերի 13:
Դատարաններում իրենց նկատմամբ իրականացվող խուզարկության դեմ բողոքը նրանք որոշել են այս կերպ արտահայտել։ Գործադուլի մասնակցների քանակն, այսօրվա հաշվարկներով շուրջ 50 է, սակայն կազմակերպիչները չեն բացառում, որ մինչև սեպտեմբեր նրանց թիվը կավելանա։
«Սասնա ծռերի» փաստաբաններ-դատարան (կամ, որ նույնն է՝ դատավորներ) անհամաձայնությունները բացահայտ հակամարտության են վերածվում: Ճիշտ է, այդ մասին բարձրաձայնում ու դժգոհում են միայն փաստաբանները, բայց դա չի նշանակում, որ այդ պայքարը միակողմանի է: Դատավոր-դատարանները կարծես անում են ամեն ինչ՝ այս դատավարությունն աղմկահարույց դարձնելու:
Փաստաբաններն էլ, ասես, չհայտարարված այդ խաղի կանոններն ընդունելով՝ ընդվզում են իրենց ու իրենց պաշտպանյալների դեմ կիրառվող դիտավորություններից:
Դեռևս հունիսի վերջերից, երբ դատարանի մուտքի մոտ կարգադրիչների կողմից փաստաբաններին «խուզարկության» պահանջ ներկայացվեց, դատարանի դահլիճում հաճախակիացան նրանց նկատմամբ կիրառվող սանկցիաները: Խուզարկությունը հակաօրինական որակելով՝ փաստաբանները պահանջեցին, որ կամ դա դադարեցվի, կամ նույն կարգով խուզարկվեն նաև դատարանի դահլիճ մուտք գործող դատավորներն ու դատախազները: Փաստաբան Արայիկ Պապիկյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում այդ երևույթը որակել էլ «թիրախավորում», որն էլ ոչ այլ ինչ է, քան հետապնդում.
- Գտնում եմ, որ բոլորը թիրախավորված են և որևէ կերպ պետք է հետապնդվեն, բայց, ինչպես փորձը ցույց է տալիս, իմ գործընկերներից Շուշանյանը և ես մի փոքր ավելի շատ՝ վատ իմաստով։ Դժվար է միաժամանակ ասել, թե ինչո՞ւ, գուցե մի փոքր ավելի շատ ենք արտահայտվում նիստի ժամանակ կամ նիստից դուրս: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ անգամ ՔԿՀ-ներում, երբ մենք աշխատել ենք մեր պաշտպանյալների հետ, մեզնից հետո նրանց խուզարկել են և մեր թղթակցությունը պաշտպանյալի հետ կա՛մ առգրավել են, կա՛մ մեր պաշտպանյալը, որպեսզի այլ անձի ձեռ չանցնի, ստիպված է եղել ոչնչացնել։ Ես չգիտեմ, թե ինչու է այսպես կատարվում, բայց թիրախավորված հետապնդում է,- ասել էր նա: