Համազգային խոսափող կդառնա՞ Համահայկական խորհուրդը
ՄԻԱՅՆ ՀՈՒԺԿՈՒ ՁԱՅՆՆ Է ԼՍԵԼԻ
Արդեն ավելի քան 10 միլիոն ենք՝ եթե նույնիսկ մեկ քառորդն է Հայաստանում ապրում: Ավելի քան 10 միլիոն ենք և աշխարհից բոլորիս պահանջն ու խնդրանքը նույնն է, բայց համախումբ չենք այնքան, որ մեր ձայնը լսելի դառնա: Իսկ ի՞նչն է խանգարում միավորվել: Եթե շատ անկեղծ՝ օտարացել ենք զիրար և համազգային մեր խնդիրներին. կիսով չափ լցված կերապնակ հայթայթելն է դարձել շատերի գոյության նպատակը:
Անցանկալի այս իրողությունը ևս խորքային իր պատճառներն ունի, որոնցից առաջնայինը, թերևս, համախմբող(ներ) չունենալն է: Բոլորը, ու հատկապես Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները, միաբերան մեղադրում են ժողովրդին՝ որ չի ընդվզում: Սակայն այդ ժողովուրդ ասվածը անդեմ զանգված է՝ քանի դեռ համախմբող չունի…
Ասես հենց այս մտահոգությանն ի արձագանք, այսօր երկու կարևոր տեղեկատվություն տարածվեց, որոնք առաջին հայացքից որևէ աղերս չունեն մեկմեկու հետ:
Հանրապետության Նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձևավորման նպատակների, անդամակցության չափանիշերի, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում:
Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը միաձայն ընդունվել էր դեռևս 2015թ. սեպտեմբերին:
Դրանից 2 տարի անց՝ առաջիկա սեպտեմբերին կայանալիք Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովում արդեն կքննարկվեն Համահայկական խորհրդի ձևավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումներն ու այդ մարմնի կազմավորման մեխանիզմները:
Գուցե հենց այդ խորհուրդը կդառնա համայն հայության ձայնը մեկտեղող ու այն լսելի դարձնող մարմինը: Կդառնա, եթե առաջնորդվի բացառապես ազգային շահերով, եթե դրանում ընդգրկվողները մեր պաշտոնյաների ձախողված գործելաոճն ու ինքնամեծար հոգեբանությունը չորդեգրեն: Այդժամ դժվար չէ պատկերացնել, թե որքան հուժկու կհնչի մեր ձայնը, եթե մոլորակի բոլոր անկյուններից հնչի կազմակերպված ու միացյալ՝ դիցուք ադրբեջանական ահաբեկչությունների, կամ նրանց զենք վաճառողների դեմ: Լսելի պահանջն է ազդեցիկ:
Ասում են՝ զուգադիպությունները երբեք պատահական չեն լինում: Երևի պատահական չէր նաև, որ հենց այսօր իրենց օրինական պահանջի արդարացի լուծումը նվաճեցի գլենդելաբնակ մեր հայրենակիցները:
Ինչպես տեղեկացրել էինք օրեր առաջ՝ Գլենդելի խոշորագույն «Ամերիկանա» առևտրի կենտրոնի պաշտոնյաներն ապօրինաբար մերժել էին Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ուրացման ճարտարապետները» կինոնկարի վճարովի գովազդը տեղադրել:
«Ամերիկանայի» արտաքին Outfront Media գովազդի գործակալությունում վավերագրական ֆիլմի հեղինակներին ասել էին, թե կենտրոնի ղեկավարները, առանց դիտելու վավերագրական ֆիլմը, զգում են, որ այն «շատ քաղաքական» է: Պատկերացնո՞ւմ եք՝ նրանք զգո՜ւմ են: Ավելի ճիշտ՝ նրանք ի սկզբանե զգացնել էին տվել իրենց համերաշխությունը՝ թուրքական մերժողականությանը:
Մի խոսքով, Ամերիկան օրենքի երկիր է, և տեղի հայ համայնքը կարողացավ մերժողական ամերիկանացիներին հասկացնել, որ Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը չի կարող պիտակավորվել որպես «շատ քաղաքական»: Սա մարդու իրավունքների հարց է, որը քաղաքականության հետ կապ չունի... Եվ այսօր Գլենդելի Հայ Դատի կազմակերպած ասուլիսից առաջ «Ամերիկանայի» սեփականատերը ծանուցել է, որ ֆիլմի մասին պատմող պաստառները կտեղադրվեն. այն էլ՝ անվճար:
Մեծ քաղաքական խաղերում սա գուցեև փոքրիկ հաջողություն է, բայց շատ կարևոր հուշում ՝ համախմբվածությամբ միայն հնարավոր է մեր ձայնը լսելի դարձնել: