Քաղաքապետարանը փչում է…
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ
Մինչ «Փարքինգ Սիթի» ընկերության ներկայացուցիչները փորձում են հանրությանը համոզել, թե ինչու են ավտոկայանատեղիների համար նախատեսված տեղական տուրքի միջնորդավճարն ավելացրել, հանրային ու քաղաքական շրջանակները շարունակում են դժգոհել: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն, այսօր անդրադառնալով թանկացման պատճառներին, ընգծել է, որ դրա նպատակն է վարորդներին մղել՝ վճարելու տարեկան 12 հազարը, որովհետև շատ քիչ են տարվա կտրվածքով տարեկան վճարողները:
- Չեմ էլ ուզում անդրադառնալ, թե ինչ խաբեության միջոցներով են գրպանում այդ գումարները: Ոչ մի ծառայություն չկա,- ասել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը:
Ըստ նրա՝ այս թանկացումը հակասահմանադրական է: Չի բացառվում, որ հաջորդ քայլը տարեկան վճարումը 12-ից 15 կամ 20 հազար դարձնեն: Օրական 700-800 դրամ վճարելը, նրա կարծիքով՝ շատ մեծ հարված է քաղաքացիների գրպանին:
- Ես չեմ հավատում քաղաքապետարանին, մանավանդ՝ տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչներին: Քաղաքապետն ունի 4 տեղակալ, ամեն մեկն իր հերթին փչում է: Քաղաքապետարանին պետք է բզես, որ կայանելու համար տեղ հատկացնի: Մենք անպայման դուրս կգանք թե՛ գնի դեմ, թե՛ խաբեության դեմ: 25 հազար հոգուն տրամադրել 100 կայանատեղի՝ ամոթալի հայտարարություն,- վրդովմունքը չթաքցրեց լիգայի ղեկավարը:
Իսկ կայանատեղի չեն հատկացնում, որ կարմիր գծանշաններով տեղերը շատ լինեն ու դրանց տերերն ավելի մեծ գումարներ կորզեն:
Քանի որ «Փարքինգ սիթին» պետականացվել է և Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ է՝ թանկացման համար մեղադրում են նաև քաղաքապետարանին: «Ելք» դաշինքը դիմել է Տարոն Մարգարյանին՝ պահանջելով չեղյալ համարել թանկացոմը:
Քաղաքապետարանի արձագանքը չուշացավ: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասել է.
- Քաղաքացիներից 50 տոկոսով ավելի գանձվող գումարից քաղաքային բյուջեն շահ չունի: Քաղաքը լրացուցիչ փո՞ղ ա ուզում աշխատի: Ո՛չ: Քաղաքին մի դրամ անգամ դրանից լրացուցիչ գումար չի գալիս: Կա՞ էդ գումարը, որ պիտի վճարվի օպերատորներին․․․ Եթե որևէ օպերատոր կասի, որ չկա, ես պատրաստ եմ ցանկացած բանավեճի՝ ապացուցեմ, որ այդ ամբողջ գումարները գնում ա նրանց: Հիմա ինչո՞ւմն ա դժգոհությունը: Թող SMS-ով չօգտվեն: Թող գնան օգտվեն տերմինալներից, ոնց որ ամբողջ աշխարհում ա դա ընդունված: Եվ զրո դրամ միջնորդավճար:
Բջջային օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ն էլ հայտարարեց, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն իրենց իրավասության շրջանակներից դուրս են: Բջջային օպերատորները նախկինում ևս ծառայության դիմաց ստացել են միջնորդավճար, այդ գումարը, սակայն, նրանց փոխանցել է այն ժամանակ դեռևս մասնավոր, իսկ այժմ հանրային սեփականություն համարվող, քաղաքապետարանի վերահսկողության ներքո գործող «Փարկինգ սիթի» ընկերությունը:
Իսկ չարաբաստիկ կարմիր գծատեր «Փարքինք սիթին» արդարանում է, թե մինչ օրս իրենք են վճարել այդ գումարը, իսկ այսօր հնարավորություն չունեն:
Տիգրան Հովհաննիսյանը, սակայն, դրան չի հավատում.
- Վստահ եմ՝ հին փայատերերը գործում են:
Տաքսու վարորդները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել` ընդդեմ այս որոշման: Հետաքրքիր է՝ կկարողանա՞ հասարակությունն այնպես ազդել, որ չեղյալ համարեն այս թանկացումը, ինչպես եղավ հանրային տրանսպորտի ուղեվարձի գնաճի ժամանակ: