4400 դոլար՝ մեկ շնչին, եթե ցնցումներ չլինեն
ԻՆՉՈ՞Ւ ՄԵ՛ՆՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ

Մի հարցում բանախոսները համակարծիք են` ցնցումներ չլինելու դեպքում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը պետք է հասնի 4400 դոլարի:
Հասկանալի է, խոսքը տարեկան եկամտաչափի մասին է: Իսկ ինչ վերաբերում է ցնցումներին, ապա ամենամեծ ցնցումը համատարած գործազրկությունն է, որը թույլ չի տալիս տնտեսություն զարգացնել: Իսկ առանց տնտեսության զարգացման ի՞նչ տնտեսական աճ ակնկալել:
Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը թեև ձայների մեծամասնությամբ ընդունվել է ԱԺ-ում, բայց տնտեսագետները շարունակում են անդրադառնալ կյանքի որակը փոխել խոստացող ծրագրին:
Տարեկան 5% աճ՝ այն դեպքում, երբ, օրինակ, Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակ յոթ տոկոս էր տնտեսական աճի շեմը: Ի պատասխան շրջանառվող այսօրինակ հարցադրումների` ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանն ասում է, որ այս ծրագիրն ինքը համարում է կայունացման քաղաքականությունից զարգացման քաղաքականություն տանող ծրագիր.
- Ի տարբերություն նախորդ բոլոր ծրագրերի, այս ծրագիրը մշակվել է որոշակի ռազմավարական օրակարգի շրջանակներում՝ վեցերորդ գումարման ԱԺ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հիման վրա:
Ինչ վերաբերում է հինգ տոկոս տնտեսական աճին, ապա դա, ըստ մասնագետի, միջին տարեկան ցուցանիշն է:
Իսկ ահա տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կառավարության ծրագիրը հավակնոտ չի համարում՝
- Կան լավ դրույթներ կառավարության ծրագրում, բայց այն հավակնոտ չեմ համարում:
Նրա խոսքով` հաշվարկները ցույց են տալիս, որ 2022 թվականին ունենալու ենք 14 միլիարդ դոլարանոց ՀՆԱ, իսկ 40-45 տոկոսանոց արտահանման աճի դեպքում՝ 2022 թ. 6,3 միլիարդ դոլար արտահանում ենք ունենալու:
- Արտահանման աճ ունենալու համար անհրաժեշտ է տնտեսական նոր մոդելի քաղաքականություն վարել,- համոզված է Վիլեն Խաչատրյանը:
Անդրադառնալով Տնտեսական զարգացման ու ներդրումային նախարար Սուրեն Կարայանի հայտարարությանը, որ ներդրումների ծավալը կատարվել է 40%-ով, Վիլեն Խաչատրյանն ասաց, որ իր համար այս ոլորտում մտահոգիչ դրույթներ կան.
- Զուտ ներդրումները 2017 թվականին նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ դրամից ավել կրճատվել է: Այսինքն` գրեթե ներդրում չի արվել: Իսկ Սուրեն Կարայանի հայտարարությունը միայն Հայաստան մտած փողերի մասին է: Բայց թե ինչքան է դուրս եկել՝ նախարարը դրա մասին չի խոսում:
Ատոմ Մարգարյանն էլ կարծում է, որ դրսից ֆինանսավորում, ներդրումների ակնկալիք ունենալուց բացի` մենք ինքներս ևս պետք է մեր երկրում ներդրումներ անենք:
Վարչապետ Կարեն Կարպետյանը խորհրդարանում ասել էր, որ մեր տնտեսության զարգացումը համաշխարհային գործընթացներից է կախված: Այսինքն, եթե լինեն ցնցումներ՝ գուցե խոստումները չկատարվեն: Թերևս հենց դա էլ նկատի ունենալով է Վիլեն Խաչատրյանն ընդգծում որ կառավարության ծրագրի մեջ բացակայում է սցենարային մոտեցումների տարբերակը: Այսինք՝ գրված չէ, եթե ճգնաժամից խուսափել չկարողանալու պարագայում ինչքա՞ն կլինի տնտեսական աճը:
Սերժ Սարգսյանը խորհրդարանում խոսել էր նաև բնակչության թիվը մինչև 2040 թ. 4 մլն դարձնելու մասին: Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ կառավարության ծրագրում հստակ նշված չէ, թե 2017-2022 թվականներին որքան կլինի բնակչության աճը, ինչքանով կկրճատվի մահացության ցուցանիշը և կավելանա ծնելիությունը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում տնտեսագետներն անդրադարձան նաև աշխատատեղերի ստեղծման խնդրին: Ատոմ Մարգարյանը հիշեց, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից առաջ՝ 1990-ականներից սկսած, աշխատատեղեր բացելու խոստումներ են տրվել: Մինչդեռ պետությունը աշխատատեղ չի կարող ստեղծել. դա մասնավոր սեկտորը պետք է անի, և հիմա Կարեն Կարապետյանը փորձ է անում պետություն-մասնավոր հատված հանագործակցություն ստեղծել: