Զբաղվե՞լ գյուղատնտեսությամբ, թե՞ ոչ
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՍԱՌԵՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ՀՀ կառավարությունը 2018 թվականից սկսելու է գյուղատնտեսական հողատարածքների վրա ցանցերի տեղադրման և ապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ վարկերի սառեցումը, հետաձգումը և հարկերի, տուրքերի զրոյացումը կամ հետաձգումը հարցի լուծում չէ, դրանով հնարավոր չէ փոխհատուցել կրած ամբողջ վնասը:
Հիշեցնենք` օրեր առաջ տեղացած ուժեղ կարկուտը վնասել էր Արմավիրի մարզի բերքի ահռելի մասը, որից հետո գյուղացիները փակել էին ճանապարհը:
Գյուղատնտեսության ապահովագրության խնդիրն ամեն կարկուտից հետո հրատապ է դառնում, հետո՝ մոռացվում է կամ հետաձգվում:
Այս նկատառումին ի պատասխան՝ ոլորտի պատասխանատուն հավաստիացրեց, որ 2018 թվականից սկսվելու են ցանցերի տեղադրման և ապահովագրության պիլոտային ծրագրերը:
Լրագրողներից մեկի հարցը կարծես դուր չեկավ նախարարին.
- Ի՞նչ խորհուրդ կտա կառավարությունը գյուղացուն՝ սնանկանա՞լ...
Նախարարական պատասխանը հետևյալն էր.
- Հիմա դուք, որ հարցը էդպես տալիս եք, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Ինչի՞ եք ասում՝ սնանկանա: Մյուս տարբերակը՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ:
Բայց արժե՞ զբաղվել գյուղատնտեսությամբ, երբ գյուղացու բերքն ու բարիքը պաշտպանված չէ:
- Գյուղացին պետք է հաշվարկի իր ռիսկերը. կարկտահարություն, ցրտահարություն, բնական և ոչ բնական աղետներ: Բայց նա կարող է լավ չաշխատել, և բերքը փչանա,- պատասխանում է Ի. Առաքելյանը:
Ամեն դեպքում, ըստ ոլորտի թիվ 1 պաշտոնյայի՝ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը ձեռնտու է: