Կոճակ սեղմելը՝ կես միլիոնից ավելի, գիտական միտքը՝ քոռ գրո՞շ
ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ՆԱԵՎ ԱԺ-ԻՑ
- Ինչո՞ւ անվարձահատույց աշխատել պատգամավորների համար: Եթե պետք է, թող իրենք գան ու դիմեն մեզ…
Այսպիսի դժգոհություններ կային այսօր խորհրդարանում՝ այսպես կոչված ուղեղային կենտրոնի առնչությամբ: «Ավանգարդ»-ը գրել էր, որ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը ցանկանում է խորհրդին կից հասարակական՝ անվճար հիմունքով գործող անալիտիկ խորհուրդ ձևավորել՝ ներգրավելով լավագույն մասնագետների: Դրական կարծիքներն էլ հնչեցին: Օրինակ, ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը խորհրդարանական դիվանագիտության ներուժն օգտագործելու անհրաժեշտություն է տեսնում:
Ձևավորվող խորհրդի վերլուծաբանների դժգոհությունները, հարկավ, արդարացի են՝ տարիների փորձը հիմք ընդունելով: Դիցուք, Երևանի ավագանին հասարակական հիմունքով է աշխատում, և տեսնում ենք պտուղները՝ կամ միայն հլու-հնազանդ ձեռք են բարձրացնում, կամ էլ չհիմնավորված, երբեմն էլ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով դեմ քվեարկում ու աղմկում: Այդ պատճառով էլ «Ելք» դաշինքն ավագանու անդամների վարձատրության հարցն է առաջ քաշելու:
Հասարակական հիմունքով մյուս կառույցը Հանրային խորհուրդն է: Տարվա մեջ մի քանի անգամ հայտարարություն, 1-2 նիստ և վերջ: Աշխատանքն ավարտված է, արդյունքը՝ ակնառու (եթե այդ ակնառուն աշխատանքի արդյունք կարելի է համարել):
Վերլուծաբանների դժգոհության փաստարկն այն է, թե ինչո՞ւ պետք է օրենսդիր մարմնում միայն կոճակ սեղմելու համար ավելի քան 600 հազար դրամ աշխատավարձ ստանան, տարիներով բացակայեն խորհրդարանից՝ զբաղեցնելով արժանավորի տեղը, իսկ իրենք իրենց ներուժն ու միտքն անվճար նվիրաբերեն: Ասել, թե պետբյուջեն իսպառ անվճարունակ է՝ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Կառավարության վերջին օպտիմալացումներից գոյացած խնայողությամբ կարելի էր խորհրդի անդամների վճարումն ապահովել:
Եթե դատախազներին ու քննիչներին միաժամանակ և՛ բարձր թոշակ, և՛ աշխատավարձ վճարելու համար գումար կա, ուրեմն այս խորհրդի համար ևս ֆինանսական միջոցներ կգտնվեն: Տարբերակներից մեկն էլ «ուղեղային կենտրոնի» վերլուծաբաններին ԱԳՆ-ում աշխատանքի տեղավորելն է: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ մեդրալը հակառակ կողմ էլ ունի: Նախ՝ ԱԺ-ի այս հարթակը կարող է արտահայտվելու լավագույն ամբիոն դառնալ ու, ինչու չէ, հետագայում պետական ապարատում տեղ ունենալու համար: Առավելևս, որ երիտասարդ վերլուծաբանների ներգրավումը ևս հնարավոր է:
Մյուս կողմից՝ այս օղակում աշխատելու դեպքում հնարավոր է խորհրդարանից ազդել գործադիրի վրա:
Եվ, վերջապես, ո՛չ Արմեն Աշոտյանը, ո՛չ էլ հանձնաժողովի մյուս անդամները հազիվ թե իրենց հայրենակիցների մտավոր ներուժը շահագործելու նպատակ ունենային: Գուցե առաջին նիստից, քննարկումներից, կամ առաջին արդյունքներից հետո, երբ ակնհայտ կդառնան կենտրոնի առավելությունները՝ ֆինանսական միջոցների հայթայթման հարցը ևս օրակարգային կդառնա:
Մեզ հասած տեղեկություններիով՝ հնարավոր է, որ հանձնաժողովի նախագահը դիմի ՀՀ-ում գործող տարբեր հիմնադրամների՝ դրամական օժանդակության ակնկալիքով: Միգուցե սա էր պատճառը, որ, այնուամենայնիվ, խորհուրդը եկել է ընդհանուր հայտարարի՝ գաղափարը դրական է, առաջիկայում նիստ կգումարեն:
Եվս մեկ անգամ՝ բարի մեկնարկ: