«Հանրային պաշտպանի գրասենյակը խայտառակ վիճակում է». փաստաբան

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ` ՓՊ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Փաստաբանների պալատում  կրքերը չեն հանդարտվում: Մի քանի փաստաբան  դժգոհում են ՓՊ պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ղեկավարումից: Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով փաստաբանների պալատի գործունեության մասին, Փաստաբան  Տիգրան Աթանեսյանը մասնավորեցրեց, որ  ՓՊ-ը չունի հակակշիռներ և դարձել է մեկ անձի ոստան:
 

Աթանեսյանը խոսեց նաև  Արա Զոհրաբյանի, իր խոսքով՝ անհասկանալի աշխատակազմի, փաստաբանների դպրոցի, հանրային պաշտպանի գործունեության մասին:

- Ոչ բոլորի մասին եմ ասում, բայց կան փաստաբաններ, որոնք դասավանդում են ՓՊ-ի դպրոցում, բայց նրանք կարիք ունեն դասավանդման: Հանրային պաշտպանի գրասենյակը խայտառակ  վիճակում է: Մի փաստաբան 35-40 քրեական գործով է զբաղվում: Այլասերվել է հանրային պաշտպանության  գաղափարը: Հանրային պաշտպանի  ծառայությունից օգտվողների մի մասը վճարունակ են, բայց անվճար օգտվում են պաշտպանի անվճար ծառայությունից,- ասաց   բանախոսը:
 
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ հիշեցրեց, որ ընտրվելուց առաջ Արա Զոհրաբյանն խոստանում էր թեթևացնել պաշտպանի գրասենյակի  ծանրաբեռնվածությունը, մինչդեռ եղել է  հակառակը:

Ե. Վարոսյանը նաև հերքեց շրջանառվող այն լուրերը, թե փաստաբաններն անձնական  խնդիրներ ունեն ՓՊ-ի նախագահ Արա Զոհրաբյանի  հետ, այդ պատճառով էլ բողոքում են

-Մենք դեմ արտահայտվեցինք ՓՊ-ի  ուռճացված հաստիքացուցակին։ Դա ընդունվեց որպես անձնական վիրավորանք։ Մենք դեմ եղանք նաև խորհրդի կազմից Նիկոլայ Բաղդասարյանի հեռացմանը ։ Եվ, ամենակարևորը. երբ փաստաբանության նոր օրինագիծ էր քննարկվում, ու ես առաջարկեցի, որ չի կարող խորհրդի անդամը միաժամանակ պալատում պաշտոն զբաղեցնել։ Սա վերջին կաթիլն էր, որից հետո սկսվեց քակործումը,- փաստեց  փաստաբանը:

Մեկ այլ փաստաբանի՝ Հովհաննես Չամսարյանի խոսքով էլ՝ երբ փաստաբաններն այնպիսի հարցեր են բարձրացնում, որոնք տարբերվում են ՓՊ նախագահի կարծիքից, հետապնդումների են ենթարկվում։

Փաստաբաններն առաջարկում են ՓՊ-ի կառավարման մոդելի փոփոխություն, հակակշիռների ստեղծում, նոր միության ստեղծում,որը հնարավոր կլինի փաստաբանության մասին օրենքի  փոփոխությունից հետո: