Պետականամետությունից մինչև անմեղության կանխավարկած

Վերջին մի քանի տարիներին մի տեսակ փոխվեցին արժեքները, գուցեև իսպառ անհետացան` պետական, սակայն ոչ պետականամետ  քաղաքականության շնորհիվ։
   
Ո՞րը թվարկես․ վերահաս պատերազմի վտանգի առաջ կանգնած և ապա նույն պատերազմի բովում հայտնված երկրի իշխանությունները հետ կանչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, որպեսզի դարձնեն մեղադրյալ ու դատեն, բանտեր նետեցին բազմաթիվ պետական գործիչների, այդ թվում հաղթանակած զորահրամանատարների ու նախագահի․․․ ժողովրդի մի ստվար զանգված ծափահարեց այս ամենին և ունեցանք այն՝ ինչ ունենք։
   
Այս ամենի հանրագումարում, երբ արդեն թվում էր, թե ինձ զարմացնելն այլևս անհնար է, օրեր առաջ իմացա, որ ձերբակալվել են մշակույթի երբեմնի նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը ու նրա որդին՝ Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության հատկանիշներով։ 
   
Միանշանակ է, որ օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար ու պատասխանատվություն կրեն իրենց կատարած արարքների համար։ Այստեղ մնում է ափսոսանք հայտնելով հավելել, որ քաջածանոթ լինելով իրավաշինիչ ապարատի բոլոր հմտություններին, հստակ գիտեմ՝  Հայաստանի Հանրապետությունում բոլորովին պարտադիր չէ հանցանք կատարելը՝ ճաղերից այնկողմ հայտնվելու համար․․․ և սա ոչ միայն քննչական, այլև դատական ատյանների թրի տակով անցնելով, թուր, որը աղերս չունի Ֆեմիդայի թրի հետ։ Ինչպես նախորդ դարի երեսունական թվականներին էր լինում, այսօր էլ բավական է, որ կանչեն ու ասեն՝ «մեղավո՛ր ես»։ Այս նույն երեսունականները ու հաջորդող ռեպրեսիվ շրջանը հիանալիորեն նկարագրել է ակադեմիկոս Ռուբեն Զարյանն իր «Հուշապատում» քառահատոր գրքում, որտեղ արտահայտում է մոտավորապես հետևյալ միտքը՝ «կանչում ու ասում էին՝ մեղավոր ես այսինչ բանում, ու փրկության միակ շանսը դա մեղա գալն ու ներողություն խնդրելն էր»։ 
   
Իսկապես, ես դեռ չգիտեմ այնպիսի մեկին, ով կարողացել է դուրս գալ իշխանամեքենայի դեմ ու վրաերթի զոհ չդառնալ։ Զուր չի ասել մեծն Սևակը՝ «․․․Էլի՛ պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»: Այնուամենայնիվ փորձենք մի պահ կտրվել իրականությունից ու հավատալ մեր երկրի արդարադատությանը, վերստին համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուրը պետք է օրենքի առաջ հավասար լինի․․․ 
   
Իսկ ու՞ր է մնում անմեղության կանխավարկածը։ Ի վերջո պետք է հասկանանք, որ գործ ունենք անհատների հետ, ովքեր ամբողջացնում են հայրենի մշակույթի դիմագիծն ու իրենց ժամանակը, ճանաչելի դարձնում մեր երկիրը, իսկ մեր մշակույթը դարձնում առավել ընդունված ու սիրելի։ Կարելի՞ է արդյոք անբասիր կենսագրությամբ՝ սիրված ու հարգված արվեստագետին (որի վաստակը գնահատվել է պետական բարձրագույն մարմինների կողմից` Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհելով) բանտարկել, առանց դատական՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի։ Իհարկե կարելի է, որովհետև ցանկացած նմանատիպ պարագայում պետությունը կասկած է հայտնում, թե անձը կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել դրանից։ Սա մի տեսակետ է, որը կարող են արտահայտել մարդիկ, որոնք չգիտեն ինչ է արվեստագետը, ինչ է մտավորականը։ Մտավորականի համար թանկ է իր անունն ու համբավը, որովհետև այն ուղիղ համեմատական է իր ներկայացրած երկրի ու ժողովրդի համբավի հետ, այն ժողովրդի, որի ծոցից է ելել, վերջապես՝ արվեստագետը չի ապրում միայն այսօրվա օրով, ապրում ու գործում է, որ հիշվի՛, ասել է թե՝ ապրի նաև մահից հետո, որ իր զավակներն ու նրանց զավակները հպարտությամբ արտասանեն իրենց ոչ հեռավոր նախնու անունն ու նույնպիսի հպարտությամբ, գլուխը բարձր քայլեն Երևանի բանուկ փողոցնրում։ 
   
Անշուշտ, Սերգեյ Սմբատյանը նման խնդիր չունի, նա վաղուց է իր անունը ոսկե տառերով գրել արվեստի նորագույն պատմության էջերում ու պատվով է ներկայացրել մեր մշակույթը, ինչն անառարկելի փաստ է, ի տարբերություն առաջադրված մեղադրանքների։ Սրա մասին գիտի նաև «Ինքը հզոր հանրությունը»։
   
Միայն կարելի է ափսոսանք հայտնել, որ իշխանությունները չեն պատկերացնում, թե ինչպիսի մեծ վնաս են պատճառում ինչպես անհատի, այնպես էլ երկրի հեղինակությանը։ Սա հարմար է քաղաքական, բայց ո՛չ երբեք պետական գործչին։
   
Հույս ենք հայտնում, որ արժանավոր մեր հայրենակիցները շուտով կարդարացվեն և կանցնեն իրենց բոլորանվեր ու շնորհակալ գործին։
 
 
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
Ավստրալիայի ռուսական գրականությանմիջազգային ակադեմիայի ակադեմիկոս,
Հայաստանի մշակույթի գործիչների միության խորհրդի անդամ, դրամատուրգ
01․08․2023