Ուրարտական ճաշարանը ո՞ր մշակույթին է վերագրվելու
Աշխարհում բազմաթիվ երկրներ իրենց բյուջեները լցնում են զբոսաշրջության հաշվին: Նրանցից շատերը կարողանում են օտար երկրներում մշակութային կամ այլ կարգի արժեքներ փնտրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծել, երկիրը գրավիչ դարձնել, հարմարություններ տրամադրել: Բնականաբար՝ զբոսաշրջիկների մեծ մասը հյուրընկալ երկրում նախ և առաջ հարմար օթևան ու համեղ սնունդ է ակնկալում, հետո միայն մտածում, թե ինչ է քաղելու տեսարժան վայրերից:
Հայաստանի ամենագրավիչ տեսարժան վայրերից մեկը, հաստատապե'ս, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն է: Ահաև այնտեղ զբոսաշրջային բաղադրիչ մտցնելու նպատակով նախատեսվում է հնավայրի տարածքում կառուցել ավտոկայանատեղի, հուշանվերների խանութ ու նաև բացել… ուրարտական ճաշարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Նա նշել է, թե փորձում են միջազգային փորձը հաշվի առնելով՝ թանգարանների նկատմամբ ժամանակակից մոտեցում դրսևորել:
- Փորձում ենք համատեղ ներկայացնել ոչ նյութական և նյութական ժառանգությունները։ Եթե ստեղծում ենք ճաշարան, չի նշանակում, թե թանգարանի տարածքում ռեստորան է բացվելու,- ընդգծել է Գյուրջյանը:
Մտահղացումը գուցե թե վնասակար չէ, թեև հաստատ հայաստանյան լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը մտահոգված տագնապ կբարձրացնեն, թե նման ծրագրերը չե՞ն խաթարի հնավայրի հնագիտական միջավայրը, կամ որքանո՞վ կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: Սակայն այս մտահղացման մեջ անընդունելի է մեկ այլ բան: Ի՞նչ նկատի ունեն հեղինակները, երբ ասում են՝ ուրարտական խոհանոց: Ելնելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ամբողջ գործունեությունից՝ այնտեղ Ուրարտու կոչվածը համարում են Հայաստանի տարածքում երբևէ (մինչև մ.թ.ա. VI դարը) գոյություն ունեցած օտար պետություն, որի անկումից հետո միայն իբրև թե տարածաշրջանի տերերը հայերն են դարձել:
Ո՛չ նորագույն հնագիտական հայտնագործություններն ու ուսումնասիրությունները, ո՛չ առողջ տրամաբանությունը, ո՛չ մեր երկիրը յուրացնել ձգտող հարևանների քաղաքական խաղերը, անգամ ո՛չ էլ ուրարտական կոչվող արձանագրությունների արդիական ընթերցումները հայերենով կարծես չեն խաթարել արգելոց-թանգարանի գործունեության սովորական ընթացքը: Այնտեղ ասում են Ուրարտու, հասկանում օտար մշակույթ, ասում են Հայաստան, հասկանում Ուրարտուից հետո ինչ-որ հրաշքով նույն տարածքում մեկ ակնթարթում բարձրացած առանձին երկիր:
Ու եթե հիմա այնտեղ ճաշարան են բացելու, որտեղ պեղումների ժամանակ հայտնաբերված գյուղատնտեսական մշակաբույսերից կերակուրներ պատրաստելով՝ ներկայացնելու են իբրև առասպելական Ուրարտուի խոհանոց: Հավանաբար նաև օգտվողներին խելոք դեմքով «պարզաբանելու» են, թե հայերն այդ բոլորը հետագայում ժառանգե՞լ են…
Դա միայն ջուր է լցնելու տխրահռչակ մեր հարևանների` թուրք-դրբեջանական, անգամ վրացական ջրաղացներին: Ի՞նչ անենք, որ հայոց լեռնային գետերը մշտապես ցած են հոսում դեպի հարևան երկրների տարածքները, որպեսզի ծարավ հագեցնեն և հողեր ոռոգեն: Սա բնության օրենքն է: Իսկ մեր երկրում գտնվող ակունքները մաքուր պահելը արդեն մեր ոչ միայն գործն է, այլև սրբազան պարտականությունը: