ՀԼԱ - Շուռնուխ․ պատերազմով կիսված գյուղը

2020-ի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը կիսեց երկու մասի։
 
Սահմանային ճշգրտումների արդյունքում Շուռնուխի մի հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ այդտեղ բնակվող 13 ընտանիք ստիպված եղավ լքել իր տունը։
 
Առօրյա խոսքում «Կիսված գյուղը» Շուռնուխի երկրորդ անվանումը դարձավ։
 
Ադրբեջանցի զինվորների տեղակայումից հետո Շուռնուխը մեկուսացել է, ու նույնիսկ գյուղում հարազատներ ունեցողները զգուշանում են այստեղ գալ։ Իսկ շուռնուխցիները, հարմարված նոր կյանքին, գյուղը լքել չեն պատրաստվում։
 
 
Շուռնուխի բաժանումը
 
44-օրյա պատերազմի արդյունքում երկու կողմից էլ զոհվեցին հազարավոր մարդիկ, հարյուրավորներ դարձան հաշմանդամ և նոր իրավիճակ ստեղծվեց նաեւ հայ-ադրբեջանական սահմանին:
 
Շուռնուխը գյուղ է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանին։
 
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերը, ռուս խաղաղապահների մասնակցությամբ, որոշեցին սահմանը՝ ղեկավարվելով, ըստ պաշտոնական Բաքվի, GPRS համակարգով եւ ղարաբաղյան առաջին պատերազմից առաջ կազմված քարտեզներով։ 12 տուն հայտնվել ադրբեջանական կողմում։ Հայաստանում, սակայն, համարում են, որ գյուղը պետք է մնար Հայաստանի կազմում՝ վկայակոչելով թե՛ քարտեզների, թե՛ GPRS-ի տվյալների սխալները։
 
Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը 2020-ի դեկտեմբերի 27-ին է տեղեկացել, որ գյուղի ներքեւի թաղամասից դուրս գալու համար ընդամենը 10 օր ունեին: Բնակիչները պատմում են, որ այդ ընթացքում ով ինչ կարողացել, հանել էր տնից, հետո դռները փակել ու դուրս էին եկել։
 
Հիմա Շուռնուխը բաժանված է երկու մասի: Ճանապարհից ձախ` հայաստանցի, աջ՝ ադրբեջանցի զինվորներն են, մեջտեղում՝ ռուս խաղաղապահները։ Շուռնուխի՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հատվածում քաղաքացիական բնակչություն չկա, միայն զինվորականներ են: Միջադեպեր, բարեբախտաբար, չեն եղել։ Բոլորը՝ մեծից փոքր, գիտեն սահմանը, որից այն կողմ անցնել չի կարելի։
 
Կիսվելուց հետո գյուղը, կարծես, հեռացել, մեկուսացել է Հայաստանի մյուս բնակավայրերից: Նախկինում՝ 40 րոպե, հիմա այլընտրանքային ճանապարհով մոտ երկու ժամ է պահանջվում Գորիսից Շուռնուխ հասնելու համար:
 
Շուռնուխցիները երբեմն նեղսրտում են՝ թողնելու ենք, գնանք, բայց մինչ օրս ոչ ոք չի հեռացել՝ բացի ներգևի թաղամասում տունը կորցրած 4 ընտանիքից։ Անտուն մնացած մյուս ընտանիքներն մնացել են Շուռնուխում՝ տնակներում կամ համագյուղացիների ազատ տներում: Պետությունն այդ 13 ընտանիքի համար տներ է կառուցում:  Նրանց թվում նաեւ Շուռնուխի վարչական ղեկավարն է։ Մեկ տարուց ավել՝ գյուղապետարանի շենքը նրա համար տուն ու աշխատավայր է։ 
 
- Հաճախ բարձրանում, նայում եմ մեր թաղամասին, տանը, տեսնում եմ թուրքը ելումուտ է անում։ Շատ դժվար է,- ասում է Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը: 
 
Շուռնուխի կիսվելուց հետո նա մի անգամ գնացել է իր նախկին տուն:  
 
- Սահմանապահ զորքերից ասացին, որ անհրաժեշտ է 2 օր ադրբեջանցիներին ջուր տալ, մինչեւ այդ ընթացում մեր տղաները հարցեր կարգավորեն։ Թուրքը եկել, ասում է՝ дайте воды, пожалуйста։ Ես էլ ինձ ծանր եմ պահում, բայց գիտեմ, որ պիտի տամ։
 
Ջուրը տվեցի, ասացի՝ կստացվի՞ իջնեմ մեր տուն. 2 շան թուլա էի բերել, հետ են դարձել, գնամ դրանց հետեւից։ Միասին իջանք։ Տունը ոնց կար, էդպես մնացել էր։ Դուրս գալուց առաջ ախպերս մեր պատին գրել էր՝ մենք դեռ վերադառնալու ենք։ Թուրք զինվորները հարցնում են՝ հայհոյա՞նք եք գրել, ասում եմ՝ չէ, мы еще вернемся, ասում ա՝ нет։ 
 
Կիսված Շուռնուխում գյուղացիները դժվարանում են անասնապահությամբ զբաղվել
 
Մովսիսյանների տունը միակն է ներքեւի թաղամասում, որ մնացել է հայկական կողմում: Բայց գյուղի կիսվելուց հետո այս ընտանիքն էլ անասնագոմի մի հատվածն է կորցրել: 
 
Ինչպես շատ շուռնուխցիներ, նրանք էլ վաճառել են անասունները, միայն 2 հորթ է մնացել։ Գյուղացիներն ասում են՝ անասուններին վերահսկելը հիմա դժվար է. աչքդ թարթեցիր, սահմանն անցան, տերը չես։ 
 
Շուռնուխը հիմա հազվադեպ է հյուրեր ունենում 
 
Ձմռանը՝ առատ տեղումների պատճառով, այլընտրանքային գրունտային ճանապարհը դժվարանցանելի է դառնում ու ավելի մեկուսացնում սահմանամերձ դարձած գյուղերը։ Հաճախ նաեւ սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր է առաջանում: Իշխանությունները ամեն օր անվճար հաց են հասցնում շուռնուխցիներին։
 
Բայց անկախ եղանակից ու վտանգից՝ ամեն օր զինվորական «Ուրալ»-ով Գորիսից Շուռնուխ են հասնում դպրոցի 2 ուսուցիչները։  
 
- Դասերը չենք դադարեցրել։ Առաջին շրջանում թեկուզ վախով, բայց եկել եմ։ Ասում էի՝ ես գնում Գորիս, հանգստանում եմ, կարողանում եմ [խաղաղ] քնել, բա երեխաներն ի՞նչ անեն,-պատմում է պատմության եւ աշխարհագրության ուսուցչուհի Նոնա Միրաքյանը։ 
 
Պատերազմից հետո Նոնան Գորիսում աշխատելու հնարավորություն ուներ, բայց մերժեց․
 
- Խաղաղ պայմաններում իրենց հետ եմ եղել, էս դժվար պահին, ո՞նց թողնեմ մենակ։ Հատկապես գիտեմ, որ դժվար թե մեկն ուզենա գալ, էստեղ դասավանդել, - ասում է նա։ 
 
Նոնան դասերը ժամը 2-ին մոտ ավարտում, բայց դեռ  երկու ժամ էլ սպասում է, որ հարեւան Որոտան, Բարձրավան գյուղերում աշխատանքը վերջացնեն նաև գորիսեցի մյուս ուսուցիչները, ու զինվորական «Ուրալ»-ը բոլորին նորից քաղաք տանի։  
 
Ասում է՝ աշխատանքի պատճառով տանը երբեմն խոսակցություններ են լինում, տան անդամները համոզում են, որ թողնի դպրոցը։ «Հենց ասում եմ՝ բա էրեխե՞քը, բոլորը լռում են»։ 
(Հոդվածը տպագրվել է մասնակի կրճատումներով)
 
Լուսինե ՂԱՐԻԲՅԱՆ