2019թ. և 2020թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական գործընթացներն ու կորոնավիրուսի ազդեցությունը ժողովրդագրական զարգացումների վրա
(Հատված` հոդված/համառոտագրից)
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, պ․գ․թ, ժողովրդագիր
2020թ․ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2963,0 հազար մարդ՝ 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,4 հազար մարդով։ 2020թ․ հունվարի 1-ի համեմատ բնակչության թվաքանակն աճել է 3,3 հազար մարդով, որը ձևավորվել է 2020թ․ հունվար-հունիս ամիսներին ձևավորված միգրացիայի դրական ցուցանիշի՝ 1,8 և բնական աճի՝ 1,5 հազարի հաշվին։ Ընդ որում, 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ, ի տարբերություն 2020թ․ ապրիլի 1-ի, մշտական բնակչության թիվն աճել է 6,6 հազար մարդով։ Պետք է նշել, որ 1991թ. ի վեր առաջին անգամ է Հայաստանում արձանագրվում միգրացիայի դրական ցուցանիշ, որը պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով տեղաշարժերի սահմանափակումով և արտերկրից մեր հայրենակիցների վերադարձով:
ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺԻ ՑՈւՑԱՆԻՇՆԵՐԸ 2020Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈւՄ
Չնայած ծնունդների բացարձակ թվաքանակի նվազմանը՝ բավականին դանդաղել է անկման արագությունը։ 2020թ․ հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների բացարձակ թիվը նվազել է 128-ով կամ 0,8 տոկոսով՝ կազմելով 15․893 երեխա։ Միաժամանակ աճել է մահացածների թիվը՝ 693 մարդով կամ 5 տոկոսով՝ կազմելով 14417 մարդ։ Ծնունդների նվազման և մահացությունների թվի աճի հետևանքով նվազել է բնական հավելաճը՝ կազմելով 1476 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի ցուցանիշը նվազել է 35,7 տոկոսով կամ 821 մարդով։ Պետք է արձանագրել, որ սա Հայաստանի Հանրապետությունում կիսամյակային առումով 1992թ. ի վեր գրանցված բնական աճի ամենացածր ցուցանիշն է: Կարելի է արձանագրել, որ բնական աճի ցուցանիշի վատթարացման հիմնական պատճառ է հանդիսացել մահացությունների թվաքանակի աճը։ Մասնավորապես նոր համավարակից` կորոնավիրուսից 2020թ. ապրիլ-հունիս ամիսներին մահացել է 461 մարդ:
Համավարակով, ինչպես նաև մարտ, ապրիլ և մայիս ամիսներին առողջապահական և այլ սահմանափակումների հետևանքով մեծ թվով ամուսնություններ (պաշտոնապես գրանցում ստացած) հետաձգվել են: 2019թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ամուսնությունները բացարձակ թվով նվազել են 2148-ով կամ 29 տոկոսով: Պետք է սպասել, որ համավարակային իրավիճակի բարելավմանը զուգահեռ հետաձգված ամուսնությունները կամ կտեղափոխվեն 4-րդ եռամսյակ, կամ 2021 թվականի 1-ին կիսամյակ:
2020թ․ հունվար-հունիսին դրական է ամուսնալուծությունների թվաքանակի շարժը, որը նվազել է 16,7 տոկոսով կամ 299-ով:
2020թ. հունվար-hունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի բացասական ցուցանիշ արձանագրած մարզերի թիվն ավելացել է, և Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերին են միացել Գեղարքունիքը, Սյունիքն ու Վայոց Ձորը: Մտահոգիչ է այն փաստը, որ առաջին անգամ բնակչության բացասական աճի ցուցանիշ է արձանագրվել ավանդաբար ծնելիության բարձր ցուցանիշ ունեցող Գեղարքունիքի մարզում: Ընդհանուր առմամբ, բնական աճի ցուցանիշը վատթարացել է բոլոր մարզերում՝ բացի մայրաքաղաք Երևանից և Արագածոտնի մարզից: 2020թ. հունվար-հունիսի տվյալներով՝ հիմնականում Երևանն է նպաստել բնական աճի ցուցանիշի դրական տիրույթում հայտնվելուն, քանի որ ՀՀ 10 մարզերում բնական աճը բացասական է եղել 447-ով, իսկ Երևանում արձանագրվել է բնական աճի 1923 դրական ցուցանիշ:
Ծնունդների բացարձակ թվաքանակի անկում է գրանցվել հանրապետության ողջ տարածքում՝ բացառությամբ մայրաքաղաք Երևանի, Լոռու և Շիրակի մարզերի, ընդ որում, Երևանում 2020թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն աճել է 7,3 տոկոսով: Ծնունդների թվաքանակի ամենամեծ անկումը գրանցվել է Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում՝ համապատասխանաբար 16, 15, 14 և 11,4 տոկոսով:
Թեև մայրաքաղաք Երևանն է ապահովել ծնունդների թվաքանակի ամենամեծ աճը, սակայն մահերի աճի առումով այն ևս առաջատար է: 2020թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահերի թիվը Երևանում ավելացել է 10 տոկոսով, որը նաև պայմանավորված է կորոնավիրուսից մահացածներով: Ընդհանուր առմամբ, 2020թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսից 461 մահվան դեպք, որը կազմել է ընդհանուր մահերի 3,2 տոկոսը:
Կորոնավիրուսը և դրա հետևանքով միջազգային տեղաշարժերի սահմանափակումը դրական ազդեցություն են ունեցել նաև ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի հաշվեկշռի ցուցանիշներում: Չնայած ընդհանուր ուղևորահոսքի հաշվեկշիռը 2020թ. հունվար-հունիս ամիսներին բացասական է 10.683-ով, սակայն ՀՀ փաստաթղթերով մուտքի և ելքի ցուցանիշները դրական են 24.257 մարդով: Սա հիմնականում պայմանավորված է ժամանակավոր աշխատանքային միգրանտների Հայաստանից չմեկնելու և արտերկրից, նաև կորոնավիրուսի հետևանքով վատ իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների վերադարձով: