ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ Է

Բայց նա նաև պատժել գիտե

Դրկիցների պատմության դառը դասերից եզրահանգումներ չկատարելը կամ անհեռատեսություն է, կամ ինքնամեծար ինքնավստահություն: Դրանք երուսն էլ շատ հաճախ բումերանգի նետով խոցում են թե՛անհեռատեսին, թե՛ ինքնամեծարին: Մեր քրիստոնյա հարևան Վրաստանում որոշ գործիչների համար դեռևս ականջահաճո են ադրբեջանական պարանվագները, որոնց տակ պարելու վտանգը երևի շուտով ստիպված կլինեն սեփական մաշկի վրա զգալ: Ադրբեջանն առայժմ միայն Թբիլիսին է հայտարարել 12-րդ դարում իրենցից խլված տարածք...

 

Այսօր «Ջավախք»  հայրենակցական միության տարածած հայտարարությունը, հուսով ենք՝ սթափության կոչ կլինի ո՛չ միայն Ախալցխայի քաղաքապետին

- Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն  առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան: Առավել վրդովեցուցիչ է այն, որ ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել քաղաքապետի հանդիպումը նախագահ Ալիևի հետ:
 
Ինչ խոսք, այս ամենը կմնար զուտ զգացմունքային հարթությունում և մեր կողմից քննարկման առարկա չէր դառնա, եթե բացահայտ տեսանելի չլինեին այն վտանգները, որոնք պարզորոշ երևում են նմանատիպ իրադարձությունների ֆոնին: Խոսքը պանթուրքիզմի վտանգի մասին է: Պարզից էլ պարզ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու առաջին և ամենակարևոր քայլերից մեկը Ադրբեջանի հետ ցամաքային երաշխավորված կապ հաստատելն է: Թուրք-ադրբեջանական տանդեմը այդ կապը փորձեց բացել հարավից, սակայն հերոսական Արցախը վստահորեն դիմակայեց այդ ոտնձգությանը, հյուսիսում Ջավախքն է անսասան պահում Վրաստանի սահմանը, հետևաբար միակ հնարավորությունը մնում է Ախալցխան, որի վրայով նրանք կարող են միանալ մեծամասամբ թուրքաբնակ վրացական Քվեմո Քարթլի նահանգին, որից արևելք արդեն Ադրբեջանն է: 
 
Այս դեպքում Ալիևը պատրաստ է ցանկացած քայլի, անգամ Ախալցխայի քաղաքապետին շողոքորթելը, միայն թե բազմապատկեն իրենց ներկայությունն ու ազդեցությունը Սամցխեում: Իսկ այդ ազդեցությունն արդեն նկատելի է: Ախալցխայի համլսարանում գործում է թուրքագիտության բաժին, որտեղ տասնյակ ադրբեջանցի երիտասարդներ են ուսանում: Թուրքերը լայնածավալ ներդրումներ են սկսել այնտեղ տարբեր ոլորտներում: Թուրքիան ձգտում է իրականացնել թուրք-մեսխեթցիներին Սամցխեում վերաբնակեցնելու ծրագիրը: Այս ամենի մեկնարկը տրվել էր Մ. Սահակաշվիլու տխրահռչակ կառավարման  տարիներին, երբ կուրացած թուրքական ոսկուց, անգամ թույլ տրվեց թուրքացնել Բաթումը: 
 
Այսօր Վրաստանը շատ դանդաղ և դժվարությամբ է հաղթահարում նախկին քաղաքականությունը և սա շատ զարմանալի է, քանզի վրաց ժողովուրդը հազարամյակներ շարունակ աչքի է ընկել իր պետությունը սիրելու, ամրապնդելու և պաշտպանելու բացառիկ հատկություններով և ցանկացած շահախնդրություն չի կարող ավելին լինել նրա համար, քան սեփական հայրենիքն ու նրա անվտանգությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում, վերջնականապես թուրքացնելով Աջարիան, Թուրքիան և Ադրբեջանը իրենց ողջ ուժերը կնետեն Ախալցխա: Բաքու-Ջեյհան նավթամուղը և Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը կդառնան համաշխարհային չարիք հանդիսացող պանթուրքիզմի միջանցքը, որի հետևանքով Վրաստանի բարեխիղճ քաղաքացի հանդիսացող Ախալցխայի բազմահազար հայությունը կկանգնի ֆիզիկական գոյության և  հայրենազրկման սպառնալիքի առջև, իսկ Վրաստանն ու Հայաստանը՝ կործանարար մարտահրավերների: Համենայնդեպս պատմության դառը դասերը դա են ցույց տվել: 
 
Ուստի, զգոնության կոչ ենք անում Հայաստանի և Վրաստանի իշխանություններին և հորդորում երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրել փոխգործակցության այնպիսի կառուցակարգերով, որոնք կբացառեն պանթուրքիզմի տարածումը մեր տարածաշրջանում: