ԳԱՌԸ ԳԱՅԼԻՆ Ի ՊԱՀ
108 մլն սովահար՝ 7 մլրդ կուշտի հետ նույն մոլորակում
Մեր օրերում ինչն է ավելի մատչելի՝ վիճակագրական տվյալների ճշգրտությունը: Կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի պարզեն, թե օրինակ երկրագնդում քանի միլիոն մարդ է ապրում կիսաքաղց կյանքով: Եվ ահա տարածվել է 2016թ. պարենային խիստ անբավարարության պայմաններում գոյատևող մարդկանց թիվը՝ 108 մլն:
Ընդ որում, սա 28 մլն-ով նախորդ տարվանից ավելի է: Տվյալները տարածել է Եվրահանձնաժողովին առընթեր Միավորված հետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունը: Սովի հիմնական պատճառներն են համարվում զինված հակամարտությունները և եղանակային փոփոխությունը:
Սովյալ երկրներից են Հարավային Սուդանը, Սոմալին, Եմենը և Նիգերիան: Իսկ Իրաքը, Սիրիան, Մալավին և Զիմբաբվեն պարենային և հումանիտար մեծ չափերի օգնության կարիք ունեն:
Այս տեղեկության մեջ ոչ միայն արդեն իսկ երևույթն է ահավոր՝ այդքան մարդ ուտելու հաց չի գտնում, այլև միտումը՝ նրանց թիվն ավելանում է տասնյակ միլիոններով:
Ժողովրդական խոսք կա՝ ասում են՝ կուշտը սովածին մանր է բրդում: Եթե այս վիճակագրությունը ճիշտ համարենք, ուրեմն աշխարհում համարյա 7 մլրդ մարդ պարենի խնդիր չունի: Իսկ եթե հաշվի առնենք, թե ամեն օր հսկայական սուպերմարկետներում ու պահեստներում որքան սննդամթերք է ժամկետանց դառնում ու խոտանվում, որքան մաքսանենգ ապրանք է ոչնչացվում, էլ չասած մարկանց սառնարաններում ու մառաններում մնացող ու այդպես էլ չօգտագործվող ուտեստների մասին… ինչքան հեշտ է թվում սովահար մարդկանց կյանքը թեթևացնելը:
Միջազգային կազմակերպությունները, եթե իրենց շահերից բխի, անշուշտ կարող են գոնե կազմակերպել, որ այդ ավելորդ սնունդը պարենային անբավարարության պայմաններում ապրող մարդկանց հասնի: Միայն թե նրանք ավելի կարևոր գործով են զբաղված: Օրինակ՝ մշակույթի գող ու մշակութային արժեքներ ոչնչացնող ադրբեջանցի Բյուլբյուլօղլիին համարշխարհային մշակույթի վերահսկիչ նշանակելու ջանքերով: Ինչպես միշտ՝ գայլը գառին են պահ տալիս: Իսկ միլիոնավոր սովահար մանուկներից այդ կազմակերպությունները ի՞նչ ակնկալիք ունեն որ: