Բնապահպանությունը՝ օրախնդիր

Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեկուկես տասնյակ հասարակական կազմակերպություններ այսօր բաց նամակով դիմել են Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանին՝ մասնավորապես նշելով՝
 
- ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 12-րդ հոդվածի (Համայնքի պարտադիր լիքազորությունները) 14-րդ կետը սահմանում է «Համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը», իսկ օրենքի 39-րդ հոդվածը կարգավորում է Համայնքի ղեկավարի լիազորությունները հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում և այս հոդվածը հստակ սահմանում է, որ համայնքի ղեկավարը կարող է արգելել միջոցառման իրականացումը, եթե այն շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգ է ներկայացնում:
 
Սույն թվականի օգոստոսի 31-ին Վանաձորում գործունեություն ծավալող «ՔԵՆՅՈՆ ԹԻՄ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջով տարածեց «ՄեգաՓուչիկների փառատոն Վանաձորում - կինոդիտում բաց երկնքի տակ» անվանումով միջոցառում։ Միջոցառման հայտարարությունից պարզ էր դառնում, որ ս/թ օգոստոսի 31֊ին Վանաձոր համայնքի Հայքի հրապարակից պետք է երկինք բաց թողնվեն մեծաթիվ փուչիկներ՝ գրություններով։
 
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետների հետ քննարկելով այս միջոցառման հետևանքները բացահայտեցինք մի շարք խնդիրներ։
 
Նմատիպ նախաձեռնությունը կարող է հանգեցնել բնապահպանական էական խնդիրների առաջացմանը։ Ինչպես նշում են բնապահպան փորձագետները, փուչիկները պայթելուց հետո կհանգեցնեն ռետինե աղբի գոյացմանը՝ լուրջ վնասներ հասցնելով շրջակա միջավայրին։ Փուչիկներից առաջացած աղբը քաղաքային և վայրի բնության մեջ ապրող կենդանիների ու թռչունների կողմից կարող է շփոթվել սննդի հետ: Դա կարող է հանգեցնել իրենց մոտ օրգանիզմի թունավորմանը՝ ընդհուպ մինչև մահ: Նշենք նաև, որ փուչիկներից գոյացած աղբը հողում քայքայվում է 400 տարվա ընթացքում՝ անջատելով կյանքի համար վտանգավոր բազմաթիվ քիմիական միացություններ, որոնք կարող են վնաս հացնել նաև հարակից տարածքներում բնակվող քաղաքացիների առողջությանը:
 
Բացի այդ, խնդրում ենք նաև հաշվի առնել, որ այս նախաձեռնությունը կարող է դառնալ հասարակության համար բացասական նախադեպ՝ թե՛ սոցիալական, թե՛ կրթական առումներով: Մենք խորապես համոզված ենք, որ նոր սերունդը պետք է ծանոթ լինի բնության հետ էկոլոգիական հավասարակշռության մեջ ապրելու կանոններին, զերծ մնա շրջակա միջավայրի աղտոտումից և կենդանական ու բուսական աշխարհին վնաս հասցնելուց: Մենք հավատում ենք, որ այդ ամենը քաղաքակիրթ հանրապետություն ունենալու կարևորագույն չափանիշներ են:
 
Վերը նշված խնդիրների բարձրաձայնումից հետո լուրջ անհանգստության ալիք է բարձրացրել համայնքի բնակիչների, բնապահպանների, ոլորտի փորձագետների և քաղաքացիական հասարակության շրջանակներում։ 
 
Մեր կողմից բազմիցս հնչեցված բողոքներին և ահազանգերին միջոցառման կազմակերպիչ «ՔԵՆՅՈՆ ԹԻՄ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ֊ն որևէ կերպ չի արձագանքել։ Հուսով ենք, որ Դուք կցուցաբերեք այլ վերաբերմունք և կիրականացնեք Ձեր՝ օրենքով սահմանված գործառույթը, այն է՝ հոգ տանել շրջակա միջավարի համար։
 
Խնդրով մտահոգ ներքոստորագրյալներս կոչ ենք անում զերծ մնալ քաղաքում նմանատիպ միջոցառումների իրակացմանն աջակցելուց և մշտապես խորը ուսումնասիրել ցանկացած միջոցառման, ակցիայի և փառատոնի նաև բնապահպանական հետևանքները։
 
Մեր համոզմամբ Վանաձոր քաղաքը պետք է լինի ինչպես իր բնակիչների, այնպես էլ իր շրջակա բուսական ու կենդանական աշխարհի համար անվտանգ և քաղաքակիրթ տարածք։