Ընտրակաշառքի դեմ պայքարում են... ստվերո՞ւմ

Ո՞ՒՄ ՕԳՏԻՆ ԿԱՇԽԱՏԵՆ «ԽԱՎԻԱՐԱՍԵՐՆԵՐԸ»

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հրապարակել է իր  գնահատականը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին: 
- Ընտրությունների վրա հետք են թողել ընտակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները և քաղաքացիական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին տեղեկությունները,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ԵԱՀԿ/ԺՄԻԳ- դիտորդական առաքելության համակարգողը: 
 
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները չեն մանրամասնել,  թե կոնկրետ ո՞ր ուժեր  են  ընտրակաշառք բաժանել և ճնշումներ կիրառել:  Կառույցը խոստացել  է այդ ամենին անդրադառնալ հետագայում հրապարակվելիք զեկույցում: 
 
Միջազգային կառույցներն օրնիբուն   խոսում են կաշառակերության  դեմ պայքարի, թափանցիկության և հստակության մասին, մինչդեռ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս հայտարարությունը լիովին հակասում է վերոնշյալ սկզբունքին:  Տպավորությունն այն է, որ հեղինակավոր  այս կենտրոնը  ընտրակաշառքների  դեմ  ցանկանում է ստվերային պայքար մղել: Իսկ ստվերային ամեն ինչը, նունիսկ եթե դրա անունը պայքար է, նախևառաջ շահախնդրություն է ենթադրում: Այս պարագայում ակամա սկսում ես կասկածել նաև արդարությունը պաշտպանելու համար Հայաստան եկած դիտորդներին. Դիցուք, երևի կսպասեն, թե որ քաղաքական ուժն իրենց «դանոս» կհասցնի՝  ինչ-ինչ ակնկալիքներով կամ որոշակի խոստումներով, ապա կհրապարակեն   իրենց զեկույցը՝ քաղաքական երանգներով պարուրված:  Արդյո՞ք հիմնազուրկ են շրջանառվող այն կարծիքները, թե նման «զեկույցները» երբեմն  այս կամ այն երկիրը վարկաբեկելու քաղաքական  պահուստային «կոմպրոմատ է»: 
 
Եվս մի ուշագրավ փաստ: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ պատգամավորների թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ:  Ժողովրդավարության  սկզբունքը որդեգրած եվրոպական երկրներում անարգանքի սյունին գամել   քաղաքական, թեկուզ ադրբեջանամետ կողմնորոշման համար, չեն կարող: Բայց  տրամաբանական հարց է ծագում` «խավիարասերները»  ՀՀ-ում ո՞ր քաղաքական ուժի օգտին  «կաշխատեն»: Կամ  կարո՞ղ են  ընտրական գործընթացի մասին օբյեկտիվ կարծիք հայտնել: Կարծում ենք` ոչ: Իսկ այսպես կարծելու հիմք են ծառայում թեկուզ ԵԽԽՎ-ում նրանց հակահայկական հայտարարությունները: