Եղե՛ք կոլորիտային, և արտաքնոցների կարիք չի լինի

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶԱՎԵՇՏԸ

Երևանի քաղաքապետարանը, հանձին Տարոն Մարգարյանի ու նրա ենթակաների, զավեշտալի նոր անակնկալներ են մատուցում քաղաքացիներին:
 
Կոյուղաջրային «Դեմն առեք, դեմն առեք» օպերացիայից հետո մայրաքաղաքիս «տնօրենները» հիմա էլ հորդորում են զբոսաշրջիկներին, թե բնական կարիքները հոգալուց առաջ հարկ է հիշել, որ Երևանը կոլորիտային քաղաք է, և կարելի է թակել ցանկացած դուռ, ու ձեր առջև կբացվեն նաև արտաքնոցների դռները:
 
Ահա այսպես է  արտահայտվել  Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Գևորգ Օրբելյանը.
 
- Մասնավոր ընկերության հետ պայմանավորվելու հարց չի, ուղղակի մեր հյուրընկալությունը ցույց է տալիս, որ ինչ-որ զբոսաշրջիկ երբևիցե չի գնա ինչ-որ զուգարանից օգտվի, և ասեն՝ փակ է: Ցուցանակներ կան որոշ տեղերում փակցված, գույքագրում արել ենք դեռ անցած տարվանից, հիմա մեր տուրիստական քարտեզի վրա կլինի զուգարանների տեղերը և անվճար հասարակական զուգարանները: Երևանը փոքր կոլորիտային քաղաք է, և շատ զուգարաններ կառուցելը չենք խրախուսում։ Հնարավորինս կազմակերպում ենք, որ որոշակի հասարակական վայրերում լինեն զուգարաններ:
 
Փաստորեն Երևանի քաղաքապետարանի հույսը մասնավոր օբյեկտներ են և հայի հյուրասիրությունը: Սակայն ո՞ր առողջ տրամաբանությամբ պետք է մասնավոր օբյեկտները հանուն քաղաքապետարանի, սպասարկեն զբոսաշրջիկների բնական կարիքները: Եվ ինչու սպասարկեն, եթե մաքրության պատասխանատուները մասնավոր ռեստորաններում, սրճարաններում և այլուր մաքրուհիները աշխատավարձ են ստանում միայն տվյալ օբյեկտի այցելուներին սպասարկելու համար:
 
Իհարկե, լավ է, որ զբոսաշրջային քարտեզի վրա կնշվեն անվճար հասարակական քիչ քանակով զուգարանները, սակայն բավարարվել եղածով անկարելի է: Մանավանդ՝ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում զբոսաշրջության զարգացման համար: Իսկ արտաքնոցների բացակայությունը ոչ միայն անհարմարավետություն է ստեղծում զբոսաշրջիկների ու տեղաբնակների համար, այլև հետամնաց կենցաղի ու տվյալ բնակավայրի փնթի տերերի մասին է պատմում:
 
Եթե 2018-ին Երևան այցելող զբոսաշրջիկների թիվն իսկապես  ավելանա, ինչպես 2017-ին (2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 172 402 զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր անցկացրել են Երևանում։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 21%-ով), մայրաքաղաքի հատուկենտ զուգարանները բավարար կլինե՞ն: Իհարկե՝ ոչ: 
 
Երևանում, ցավոք տեսնելու շատ բան չի մնացել: Դարավոր շենքերը կամ քանդվել, կամ խայտաբղետ ներկվել են՝ քաղաքը դարձնելով ցաճրաճաշակ պչրուհի: 2800 ամյա Երևանը տեսնել ցանկացող զբոսաշրջիկը, մի քանի թանգարաններից բացի, ստիպված է սրճարանառեստորանային առատությունը ըմբոշխնել: Երևի հենց այս հաշվա՞րկն է կոլորիտասեր քաղաքապետարանին մղում՝ կենցաղային, հիգիենիկ տարրական անհրաժեշտությունից զրկել մարդկանց: 
 
Վառ երևակայություն պետք չէ ունենալ՝ պատկերացնելու շուրջ 3 հազարամյա քաղաքում պատմաճարտարապետակն արժեքներ տեսնելու սպասումները չարդարացված զբոսաշրջիկի դեմքը, երբ նա փողոցից փողոց անցնելով՝ ինչ-որ հաստատություն է մտնում ամոթահար՝ զուգարանից օգտվելու համար: Եվ, չզլանանք նորից կրկնել՝ ինչո՞ւ միայն զբոսաշրջիկները. իր տնից հեռու գտնվող երևանաբնա՞կն ինչպես ու որտեղ է հոգալու իր բնական կարիքները: 
 
Մի խոսքով, մայրաքաղաքաքիս պատասխանատուների՝ «կոլորիտային» քաղաքի պատկերացումները զուրկ են կենցաղավարություն կոչվող տարրական կուլտուրայից՝ որքան էլ օրավուր շքեղացնեն իրենց ապրուստը: