Նուբարաշենո՞ւմ էլ էին ձմերուկ շատ կերել

ԳԱՐՇԱՀՈՏԸ ՀԱՐԻՐ ՉԷՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՈՏՈՏԵԼԻՔԻՆ

Քաղաքապետարանի վերջին տրագիկոմեդիան ակամա անցյալ ամռան երևանյան համատարած գարշահոտը վերհիշեցրեց: Ամբողջ 3-4 ամիս Երևանի քաղաքապետարանն իր հոգեզավակ «Սանիթեկի» հետ միասին նողկանքի էր վերածել մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները: Տարոն Մարգարյանը դա վերագրեց երևանցիների անհագնում ձմերուկակերությանը: Տեսնես նուբարաշենցիք էս ձմեռ օրով էլի՞ գարշահոտ հետևանքներ թողնող ձմերուկն էին չարաշահել…
 
Կոյուղաջրերով տարաների միջադեպից հետո, դժվար է ասել՝ զզվանքի՞ց թե՞ իրեն թունավորելու վախից, հիմա Տարոն Մարգարյանը ոստիկանների է կանչում  քաղաքապետարան, թույլ չի տալիս, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության ծառայողական ավտոմեքենան կայանի քաղաքապետարանի կայանատեղիում, ըստ լուրերի՝ հրահանգում է աղտոտել ԵԾ անդամների աշխատասենյակները: Ու ի՞նչ կարելի է ենթադրել այս ամենից: Երևանի քաղաքապետը վախեցած է ու նաև վրեժխնդիր: 
 
Հանուն արդարության ասենք, որ «Երկիր Ծիրանիի»  ավագանու անդամները Նուբարաշենի բնակիչների խնդիրը բարձրաձայնելու համար ամենաքաղաքակիրթ տարբերակը չէին ընտրել, սակայն տարիներով պատկան մարմնի անգործությունը, երևի, այլ ելք չէր թողել: Մանավանդ՝ դեպքերի ընթացքն էլ ցույց տվեց, որ դա պատասխանատուներին խոսք հասկացնելու և խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակն էր: Եվ ինչքան էլ ԵԾ-ի անդամներին քննադատեն ծայրահեղության համար, փաստ է՝ պահանջատիրությունն արդյունք տվեց՝ կոյուղագծերի խնդիրը լուծվում է: 
 
Ու փոխանակ  ընդդիմադիր խմբակցության անդամների բարձրացված խնդիրը սթափ գնահատականի արժանանար, քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ «դեմն առեք, դեմն առեք շուշուտ» տագնապած արտահայտությունը իսկական դժոխքի վերածեց նիստերի դահլիճը: Տարոն Մարգարյան շեֆին արջի ծառայություն մատուցող ՀՀԿ-ական կարատեիստների բռունցքներով այն վերածվեց քաշքշուկի, ապա վեճի, իսկ ամբողջ քաղաքապետարանն էլ հայտնվեց գարշահոտության մեջ: Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի վիճակի է միայն նախապես գրված, դզած-փչած միջոցառումներին Երևանին ու երևանցուն ոչինչ չտվող իմիտացիաների «պուպուշ» պաշտոնյայի դերակատար լինել:  
 
Այո, շքեղաշուք ապարանքների սովոր քաղաքապետարանցիները չեն կարող հանդուրժել այն գարշահոտը, որն իրենց անտարբերությամբ պարտադրում են երևանցիներին: Հետաքրքիր է՝ այս ամառ նույնպե՞ս Երևանի քաղաքապետը արդարացնելու է իր կառույցի անգործությունը: Այդժամ գուցե ամեն բակից մի բնակիչ իրենց թաղամասի գարշահոտությամբ լցված մի սրվա՞կ նվիրի քաղաքապետին: Կասեք՝ դռները փա՞կ են: «Մեկ պատուհան» կոչվող խուցը կարծես դեռ չեն փակել…
 
Այո, այո, Տարոն Մարգարյանը, պարզվում է, մեկ այլ ֆոբիա էլ ունի: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հետ չմնալով շեֆին բռունցքներով հաճոյացողներից՝ խաղաղ անվտանգություն առաջարկեց՝ խստացնել ավագանու նիստերը: Բայց Կամո Արեյանն ու քաղաքապետը կարող են հանգիստ լինել, քանի որ քաղաքապետարանը վաղուց է անառիկ ամրոց դարձել: Շփումը քաղաքացիների հետ «մեկ պատուհան» խցով է, որտեղից հիմնականում քաղաքացիները մերժման «սև թղթերով» են հեռանում՝ երբեմն ապավինելով դատարաններին: